Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորը Վենետիկում ներկայացրել է կանադահայ գրող Ալան Ուայթհորնի երկլեզու ժողովածուն
Որպես գիտնական՝ Ուայթհորնը գրում է ցեղասպանության, մարդու իրավունքների, Հարավային Կովկասի, Կանադայի քաղաքական կուսակցությունների եւ ընտրությունների թեմաներով։
Վենետիկյան «Քաղաքակրթությունների խաչմերուկ» գրականության միջազգային փառատոնի շրջանակում Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը ներկայացրել է կանադահայ գրող, քաղաքագետ Ալան Ուայթհորնի «Բանաստեղծություններ սփյուռքից. հայոց ոդիսական» բանաստեղծությունների անգլերեն-իտալերեն երկլեզու ժողովածուն:(«Poems from the Diaspora: An Armenian Odyssey | Poesie dalla Diaspora: un’odissea armena»)
Կարդացեք նաև
«Վենետիկում ամեն տարի ընթանում է «Քաղաքակրթությունների խաչմերուկ» գրականության միջազգային փառատոնը, որը ծնվել է 2008 թ. մարտին՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի կապակցությամբ։ Փառատոնի անվանումը ծնվել է որպես ակնհայտ պատասխան այն ժամանակ տարածված «Քաղաքակրթությունների բախում» հասկացությանը։ Վենետիկն՝ իր հազարամյակների պատմությամբ որպես ժողովուրդների եւ լեզուների խաչմերուկ, գերազանց վայր է այս նախաձեռնության համար, հատկապես՝ ներկայիս բարդ իրավիճակներում։
Տարիների ընթացքում փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ գրողների եւ արվեստագետների ամբողջ աշխարհից, այդ թվում` Ամիտավ Գոշ, Դավիդ Գրոսման, Խավիեր Մարիաս, Օրհան Փամուք, Սալման Ռուշդի, եւ այլք, որոնք իրենց ներկայությամբ միջազգային շունչ եւ բովանդակալից երկխոսություններ են բերել փառատոնին՝ դարձնելով այն եզակի գրական փառատոների շրջանում։
Սիրով նշեմ, որ փառատոնին հյուրընկալվել են նաեւ սփյուռքահայ գրողներ, այդ թվում՝ Անտոնիա Արսլան, Մարկ Մուստյան, Ավետիս Հաճյան, Ահարոն Փուչիկյան, Վարուժան Ոսկանյան, ինչպես նաեւ Հայաստանից մեր առաջին հյուրը՝ Դիանա Համբարձումյանը։ Այս տարի փառատոնի շրջանակում ներկայացրեցի կանադահայ բանաստեղծ, քաղաքագետ Ալան Ուայթհորնին:
Ալան Ուայթհորնը Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբուհու թոռ է։ Ծնվել է Միացյալ Թագավորությունում եւ 1950- ականներին ներգաղթել Կանադա։ Երկար տարիներ դասավանդել է Կանադայի Royal Military College-ում: Որպես գիտնական՝ Ուայթհորնը գրում է ցեղասպանության, մարդու իրավունքների, Հարավային Կովկասի, Կանադայի քաղաքական կուսակցությունների եւ ընտրությունների թեմաներով։ Որպես բանաստեղծ՝ ուսումնասիրում է ցեղասպանության հարցը եւ նրա ազդեցությունը հայկական ինքնության վրա: Տասնմեկ գրքի եւ ավելի քան 190 գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2005 թվականից Ալան Ուայթհորնը հաճախակի դասախոսել է Հայաստանում: Կանադայի գրողների միության եւ Հայաստանի գրողների միության սփյուռքահայ անդամ է։ Արժանացել է մի շարք մրցանակների` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2011 թ.), Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ (2019 թ.), Հայաստանի գրողների միության Նարեկացու անվան մեդալ (2019 թ.): Հայերեն թարգմանությամբ հրատարակվել են նրա «Ղարաբաղյան օրագիր. բանաստեղծություններ սփյուռքից» (2022, թարգմ. Հերմինե Նավասարդյան) եւ «Վերադարձ դեպի Հայաստան. Բանաստեղծություններ» (2012, Լուսակն, թարգմ. Արամ Արսենյան) ժողովածուները»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց պրոֆեսոր Հարությունյանը:
Մեր հարցին՝ ինչպե՞ս ծնվեց Ալան Ուայթհորնի պոեզիայի իտալերեն թարգմանության գաղափարը, Սոնա Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ալան Ուայթհորնի պոեզիան խորապես արձագանքում է այն հիմնախնդիրներին, որոնք այսօր արդիական են՝ ինքնություն, արտագաղթ, պատմական հիշողություն, Հայոց ցեղասպանություն, Արցախյան պատերազմներ, մարդու ոտնահարված իրավունքներ։ «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնին մասնակցելու համար պայման է, որ ներկայացվի ժամանակակից գրող, որը թարգմանված լինի իտալերեն: Սակայն, բնականաբար, պայման չէ, որ յուրաքանչյուր թարգմանված գրող հնարավորություն ունենա փառատոնին մասնակցելու: Դրանք երկու տարբեր փուլեր են: Նախ պիտի գիրքը թարգմանվի, հրատարակվի, որից հետո հարկավոր է հայտ ներկայացնել փառատոնին, գրողին հրավիրելու եւ գրքի շնորհանդեսն անելու համար: Առնվազն երկու տարվա աշխատանք է:
Հայաստանը փառատոնին հայ ժամանակակից գրողի միջոցով տեսնելու մեծ ցանկությունից մղված՝ 2022 թ. նախաձեռնել եւ ղեկավարել էի Դիանա Համբարձումյանի պատմվածքների ժողովածուի իտալերեն թարգմանությունը: Դա առաջին անգամն էր փառատոնի պատմության մեջ, որ գրող էր մասնակցում Հայաստանից: Այսպիսով, ոգեշնչվելով տիկին Համբարձումյանի պատմվածքների հաջող փորձից, այս անգամ ձեռնամուխ եղա Ալան Ուայթհորնի քաղաքական պոեզիայի թարգմանությանը, կրկին ներգրավելով աշխատանքում հայագիտություն եւ թարգմանաբանություն ուսումնասիրող ուսանողների, որոնց անունները նշված են հրատարակությունում: Շնորհակալություն ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանին եւ «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնին նախագծին աջակցելու համար:
Բանաստեղծություններն ամփոփված են չորս թեմատիկ բաժիններում՝ Ճանապարհ դեպի հայրենիք, Ցեղասպանության հիշողություն եւ ժխտում, Արցախյան պատերազմներ, Ժամանակակից հայ ինքնության որոնում։
Առաջին գլուխը ընթերցողներին առաջնորդում է զգացմունքային ճանապարհորդության՝ սկիզբ առնելով հայկական սփյուռքից եւ շարժվելով դեպի հեղինակի նախնիների երկիր: Երկրորդ գլուխը ներառում է բանաստեղծություններ, որոնք առերեսվում են ցեղասպանության ողբերգության, հիշողության մարտահրավերի եւ ճանաչման շարունակակական պայքարի հետ: Երրորդ գլուխը ներկայացնում է Արցախյան հակամարտությունները եւ արտացոլում պատերազմի ազդեցությունը հայերի վրա: Բանաստեղծություններն ընդգրկում են պատերազմների բուռն ժամանակաշրջանը եւ հետեւանքները, ուսումնասիրում վտանգները եւ խաղաղության մռայլ հեռանկարները` հակամարտություններով լի այս տարածաշրջանում, միաժամանակ առաջարկելով դժվարին, բայց հնարավոր ճանապարհ դեպի առաջ: Իտալերեն հրատարակությունը ներառում է նաեւ տասներեք նախկինում չհրատարակված բանաստեղծություններ 2023թ.-ի Արցախյան երրորդ մեկօրյա ավերիչ պատերազմի մասին, որը հանգեցրեց 120 000 հայերի բռնի արտաքսմանը՝ իրենց հայրենի հողից: Վերջին գլուխը ուսումնասիրում է հայ հասարակության ժամանակակից հետագիծը՝ եզրափակելով գլոբալացված աշխարհում ինքնության որոնումների մասին մտորումները: Գիրքը հասանելի է անվճար, հետեւյալ հղումով»:
Հավելենք, որ բացի գրական եւ գիտական գործունեությունից, Ալան Ուայթհորնը ներգրավված է նաեւ մարդասիրական նախաձեռնություններում։ Այս առիթով, փառատոնի իր բացման խոսքում պրոֆեսոր Հարությունյանն ընդգծել է. «Ալան Ուայթհորնը ծառայել է որպես Aurora Forum-ի բարի կամքի դեսպան` կիսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունը: 2022 թ. պատիվ ունեցանք Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանում հյուրընկալելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին եւ Նուբար Աֆեյանին` «Aurora Dialogues» միջոցառման ընթացքում: Այսօր Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում: Կոչ ենք անում եւ հույս հայտնում, որ միջազգային հանրությունը աջակցի Բաքվում անարդարացիորեն ձերբակալված հայ ռազմագերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերին: Այսօրվա մեր միջոցառումը, հետեւաբար, տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների խնդիրները պահանջում են հրատապ համաշխարհային ուշադրություն»:
Շնորհանդեսի ավարտին ընթերցվել են բանաստեղծություններ գրքի տարբեր բաժիններից, իտալերենով եւ անգլերենով: Թեեւ փառատոնի ձեւաչափի մեջ չկա եռալեզու ընթերցանություն, սակայն վերջին բանաստեղծությունը` «Նախնիների արմատները» ընթերցվել է երեք լեզուներով:
«Ալան Ուայթհորնը ստեղծագործում է անգլերենով, այժմ մենք թարգմանաբար ներկայացնում ենք բանաստեղծությունների իտալերեն ժողովածուն, բայց թեման, որին անդրադառնում է հեղինակը, հայ իրականությունն է, հետեւաբար հարկ է «Քաղաքակրթությունների խաչմերուկ» վենետիկյան փառատոնի այս կարեւոր բեմահարթակից հնչեցնել նաեւ հայերենը»,-տեղեկացրեց Սոնա Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.04.2025