«Առավոտի» զրուցակիցն է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Տուրովը
– Ես կցանկանայի հարցնել հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ինչպե՞ս կգնահատեիք այդ հարաբերությունները ներկա փուլում, երբ Հայաստանի Ազգային ժողովը փաստացի որոշում է կայացրել ԵՄ-ին անդամակցելու մասին:
– Ես կարծում եմ, որ սա որոշակիորեն սխալ որոշում է, որը չի ծառայում Հայաստանի շահերին: Երբ դիտարկում ենք այն տնտեսական ցուցանիշները, որոնց Հայաստանը հասել է վերջին 10 տարվա ընթացքում՝ ԵԱՏՄ-ում անդամակցության շնորհիվ, իրականում դա աճի ամենաբարձր մակարդակն է ԵԱՏՄ-ում. 12%, աճի հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության համար: Երկրորդ, դա մուտք է ավելի քան 200 միլիոնանոց շուկա, որտեղ աշխատում են նույն օրենքներով, նույն նորմերով, հնարավորություններ են ստեղծվում բիզնեսի, առեւտրային հարաբերությունների զարգացման համար: Մենք պարզապես տեսնում ենք այն պրակտիկայից, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում այն երկրներին, որոնք անդամակցում են ԵՄ-ին՝ երկրորդ, երրորդ, չորրորդ էշելոններում. փաստացի շահում են միայն մի քանի եվրոպական երկրներ, որոնք հանդիսանում եմ ԵՄ հիմնադիրներ: Առեւտրային որոշակի նորմերի սահմանումը փաստացի սահմանափակում է երկրների հնարավորությունները, դա կարելի է տեսնել ԵՄ-ին անդամակցած այս կամ այն երկրի վիճակագրությունից: Երրորդ, մենք պատմականորեն միշտ միասին ենք եղել, մեկ պատմական հիշողություն ունենք, նույն արժեքների կրողն ենք, մենք նույնական հայացքներ ունենք մշակույթի հարցում, փաստացի նույն կրոնն ունենք, եւ պատմականորեն այնպես է ստացվել, որ մենք շատ մտերիմ, հարյուրամյակներով ձեւավորված հարաբերություններ ունենք: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ժամանակակից մարտահրավերների, արժեքային ուղենիշների փոփոխության պայմաններում մեր ավանդական հարաբերությունների պահպանումը շատ ավելի հեռանկարային է, ավելի շատ հնարավորություններ է ստեղծում սեփական ինքնության պահպանման, տնտեսության, մշակույթի զարգացման, հումանիտար համագործակցության համար, քան անդամակցությունը ԵՄ-ին, որն իրականում շատ տարօրինակ միավորում է, որը քանդում է մարդկության, միասնականության հիմնադրույթները, ձեւավորում է նոր, շատ տարօրինակ աշխարհ։ Մենք դա տեսանք, օրինակ, Ֆրանսիայում Օլիմպիադայի բացմանը, որը նույնիսկ մեկնաբանել չեմ ցանկանում, բայց դա ցույց է տալիս, թե ինչպե՞ս է դեգրադացվում Եվրոպան։ Կարծում եմ, որ մեր հայ եղբայրները նրանց հետ ճանապարհ չունեն անցնելու:
– Հայաստանում գերիշխում է այն կարծիքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ առհասարակ, ղարաբաղյան հակամարտության հարցում, Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանի շահերը:
Կարդացեք նաև
– Ես հարց ունեմ. իսկ Հայաստանը պաշտպանե՞ց Ղարաբաղի շահերը: Բարդ հարցեր են, բարդ գործընթաց է: Ինձ հետաքրքիր է` Հայաստանի գործող ղեկավարն անձամբ ինչպե՞ս է վերաբերվել Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ճանաչվա՞ծ էր, արդյոք, այդ տարածքը։ Շատ հեշտ է փորձել մեկ ուրիշի վրա դնել պատասխանատվությունը:
– Ոչ թե ինչ-որ մեկի, այլ ռուս խաղաղապահների, որոնք այնտեղ կանգնած էին եւ պետք է ապահովեին ղարաբաղցիների անվտանգությունը:
– Խաղաղապահներն ամբողջությամբ ապահովել են անվտանգությունը, այդ թվում՝ նաեւ օգնություն են ցուցաբերել բնակչության տարհանման հարցում: Բայց հարցը հենց Հայաստանին է ուղղված, նրա արտաքին քաղաքական կուրսին, այն պատասխանատվությանը, որ Հայաստանը պետք է անմիջականորեն կրեր: Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս հարցը նախեւառաջ պետք է ուղղել Հայաստանի ղեկավարությանը. ինչպե՞ս են իրենք գործել, ինչպե՞ս են հետամուտ եղել իրենց շահերի պաշտպանությանը, ինչպե՞ս են պաշտպանել այդ տարածքում ապրող բնակչության շահերը:
– Առաջ նայելով` ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները:
– Ես վստահ եմ, որ չնայած արտաքին միջամտություններին, մեր բազմադարյա պատմությունը, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ կապերը, դրական հարաբերությունները ապագայում չեն փոխվի, կշարունակեն զարգանալ:
Ակնհայտ է, որ արեւմտյան կոալիցիաները փորձում են միջամտել Կովկասի գործերին, որովհետեւ դա շահավետ է, դա մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս է։ Այդ ամենը տեսնում ենք Ուկրաինայում, տեսնում ենք այլ երկրներում, որտեղ Արեւմուտքն իր խնդիրներն է լուծում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.04.2025