«Չշփոթենք: Հայաստանում հակաարցախյան արշավ չէ, Հայաստանում հակահայկական արշավ է: Հայաստանում թիրախավորվում է ցանկացած բան, որը հայկական է, հայկական շահեր է պաշտպանում կամ հայկական ինքնություն եւ էություն ունի: Մասիս սարը արցախցի չի, բայց միեւնույն է, թիրախավորվում է, Հայ Առաքելական եկեղեցին, Բաքվի բանտում պահվող գերիները, ազգային կուսակցությունները: Ուզում եմ ասել՝ այս բաժանարար գծերի հիմքը միայն Արցախը չի, ավելի լայն է: Ու այստեղ ընկած է՝ բաժանիր, որ տիրես պառակտման քաղաքականությունը: Մենք 2018 թվից տեսել ենք սեւերն ու սպիտակները, հեղափոխականներն ու հակահեղափոխականները:
Հիմա արցախահայերի դեմ հատուկ կազմակերպված ատելության քարոզ կա, որը պետական մակարդակով է հովանավորվում: Որտեղից ենք տեսնո՞ւմ: Որովհետեւ իշխող ուժի պատգամավորներն են այդ խոսույթը տարածում, իշխող ուժի պաշտոնական լրատվամիջոցները՝ էթնիկ զտման օրերին: Այստեղ ենք մենք տեսնում, որ դա ունի պետական հովանավորություն: Բայց ես ուզում եմ, որ այստեղ հստակ լինի. Սա այն է, ինչ որ ուզում է Ադրբեջանը: Սա ներհայաստանյան օրակարգ չէ, ադրբեջանական օրակարգ է: Ու սա տեղավորվում է. մեկ՝ Իլհամ Ալիեւի հրապարակած պահանջների մեջ, մեկ՝ Նիկոլ Փաշինյանի հաստատած իրական Հայաստան կոնցեպտի մեջ, որը ոչ ավել, ոչ պակաս՝ տարիներ շարունակ Ադրբեջանի ռեբրեդինգն է»,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Քրիստինե Վարդանյանը համոզված է նաեւ, որ այսօր Արցախի ներկայացուցչության առջեւ ակցիան նույնպես կազմակերպված էր եւ ցավոք սրտի, ատելության քարոզի մաս են դառնում նաեւ արցախյան որոշ անհատներ: «Եվ դուք կտեսնեք ուղղակի, թե ոնց է այսօրվա ակցիան օգտագործվելու իշխանական քարոզչական կայքերից սկսած, ընդհուպ, մինչեւ ելույթներում: Եվ եթե մենք մեզ հարցնենք, թե սա ում է պետք, պարզ կդառնա, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները ջարդելը միայն Ադրբեջանին էր պետք»,-նախազգուշացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ