«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պատրաստ է ամեն ինչ տրամադրել բացառապես իշխանությունը պահելու համար»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա վստահեցրեց՝ անմտություն է մտածել, որ Ադրբեջանի հերթական պահանջը կատարելու դեպքում կստանանք խաղաղություն․ «2021-ին Ադրբեջանը ՀՀ-ին էր ներկայացրել հինգ կետեր, որոնց կատարման դեպքում խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ամենևին խոսք չէր գնում ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարման, միջազգային դատարաններից հայցերը հետ քաշելու մասին։ Այս ամենը չի նշանակում, որ Ադրբեջանի կողմից որևէ համաձայնություն կարող է լինել նրա պահանջները կատարելու դեպքում։ Այդ պահանջները չեն ավարտվում։ Նույնիսկ Մինսկի խմբի լուծարումից, Սահմանադրությունը փոխելուց, ճանապարհ տալուց հետո նոր պահանջներ է դնելու։ Դա Հայաստանի, հայկականության և հայ ժողովրդի դեմ է։ Քանի դեռ Նիկոլն է ի պաշտոնե այդ պահանջները կատարողը, Ադրբեջանը բազմաթիվ պահանջներ է շարունակելու առաջադրել»։
Մեսրոպ Առաքելյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջազգային հանրության շրջանում ակտիվություն է նկատում․ «Միջազգային մամուլի, միջազգային կազմակերպությունների, տարբեր գերտերությունների՝ հիմնականում նաև ԱՄՆ-ում, քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն է նկատվում այս հարցով։ Կարևոր է գերիների վերադարձի հարցը պահել միջազգային հանրության օրակարգում, քանի որ ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պարագայում միայն միջազգային հանրության աջակցությամբ և Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններով է հնարավոր հասնել մեր հայրենակիցների վերադարձին, մյուս կողմից, երբ նայում ենք այդ ֆանտաստիկայի ժանրի դատավարություններին, դրանք ուղղակի զավեշտ են։ Երբ ցանկացած մարդ ծանոթանա այս բովանդակությանը, կհասկանա, որ ոչ միայն մարդիկ անմեղ են, այլև Ադրբեջանն է շարունակում հանցագործություններ կատարել այս դատավարություններով։ Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամանակ տեսնում ենք մարդկանց, որոնք վկայություն են տալիս, որ 90-ականներին վիրավորում են ստացել, ականների վրա պայթել են, այդ ամենը բացառապես ռազմական գործողությունների ժամանակ է տեղի ունեցել, որոնք որևէ առնչություն չեն կարող ունենալ հանցագործության հետ, էլ չասած, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ներկայացված կեղծ մեղադրանքները վերաբերում են իր՝ պետնախարար աշխատած ժամանակաշրջանին։ Զավեշտ է, որ 1990-ականների դեպքերը բերում, կապում են Ռուբեն Վարդանյանի՝ ենթադրյալ հանցագործությունների հետ։ Սա ցույց է տալիս, որ մեր հայրենակիցների նկատմամբ որևէ էական դեպք ու գործողություն չեն կարող մատնանշել, որը կարող է վերաբերել հանցագործություններին»։
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը շարունակում է անընդունելի մնալ․ «Այս դատավարություններում կարմիր թելով գնում են մեղադրանքները ՀՀ-ի նկատմամբ։ Միշտ մատնանշվում է, որ Արցախի ռազմական ղեկավարության գործողությունները կատարվել են ՀՀ իշխանությունների հրահանգով ու որոշումներով։ Չի բացառվում, որ այս կեղծ դատավարություններից հետո, երբ Ադրբեջանը թեև ներքին դատավարությունների արդյունքում որոշակի վճիռներ ունենա, հետո դրանց հիման վրա ՀՀ-ի դեմ կդիմի միջազգային ատյաններ, որի նկատմամբ ՀՀ իշխանությունները շարունակում են լռություն պահպանել»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարություններին՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Նա ծառայում է Նիկոլ Փաշինյանի շահերին և Արցախի դեմ ուղղված քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է ոչ միայն հիմա, այլև Արցախի շրջափակման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գնում էր Արցախ, գալիս ՀՀ։ Անընդունելի է այն վարքագիծը, որ Սամվել Բաբայանն ու իր թիմն ունենում են։ Այսօր էլ Արցախի ներկայացուցչության մոտ իրականացվածն ինձ համար անընդունելի է։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդեն արցախցիների մեջ են փորձում պառակտում մտցնել, թեզ գցել հանրության մեջ, որ տեսեք՝ սա հայաստանցիների, արցախցիների միջև վեճ չէ, արցախցիներն էլ խնդիրներ ունեն։ Սա նաև պայմանավորված է նրանով, որ վերջին շաբաթներին իրավական կարգավորումներ տրվեցին, որ Արցախի պետական ինստիտուտներն իրենց գործունեությունը բնականոն շարունակեն։ Վստահ եմ, որ այդ ուղղությամբ ևս Նիկոլ Փաշինյանը փորձելու է գործողություններ իրականացնել, և այդ առումով օգտագործվում է նաև Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ