Լրահոս
Բարեւ, տղա՛ս
Օրվա լրահոսը

«Գյումրեցին չի համակերպվում և լավ չի ընդունել Մարտուն Գրիգորյանի արած քայլը»․ Կարեն Սարուխանյանը՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու մասին

Ապրիլ 18,2025 19:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նորընտիր ավագանու անդրանիկ նիստին չմասնակցելուն, որի ժամանակ քաղաքապետ էին ընտրելու, պարզաբանեց, որ իրենց դիտարկմամբ՝ կրկես էր տեղի ունենում։

Ըստ նրա՝ ավագանու ՔՊ-ական անդամները մյուս նիստերին կմասնակցեն, հանդես կգան նախագծերով, ծրագրերով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրի քաղաքում ստացել է 17 հազար 200 վստահության քվե, դա աննախադեպ թիվ է, որևէ  կուսակցություն այս համամասնական ընտրակարգի ձևավորումից հետո, այդ թվում  նախորդ իշխանությունների ժամանակ այդքան վստահության քվե չի ստացել։ Ինչի մասին է խոսքը, որ գործող իշխանության հանդեպ վստահությունը գյումրեցիների մոտ շատ բարձր է, և մենք տեսանք ինչ կատարվեց․ 4 տարբեր թեկնածուներ, ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք ասում էինք, որ նախորդ տարբեր նախագահների կողմից հովանավորյալ  ուժեր են,  միավորվեցին և Կոմկուսի առաջին համարին՝ Վարդան Ղուկասյանին, դարձրեցին քաղաքապետ։ Կտեսնենք Վարդան Ղուկասյանը հետագայում ոնց է աշխատելու, Գյումրի քաղաքին ինչ է անելու»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե իրավական լծակնե՞ր եք գործի դնելու Վարդան Ղուկասյանի նկատմամբ, նա իրավապահների ուշադրության կենտրոնում է, 40 դրվագ քրեական վարույթով է անցնում, Սարիկ Մինասյանն էլ մանդատը վայր չդրեց, որը ենթադրելու առիթ է տալիս, որ իշխանազավթման գործընթացից ձեռք չեք քաշելու,Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Իմ ասածի մեջ իրավական բառ չկա, իմ ասածի մեջ կա աշխատել բառը, պարոն Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ, տեսնենք՝ ոնց է աշխատելու, Գյումրին ինչ  է շահելու՝ պարոն Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ լինելով։ Դա կտեսնենք, ժամանակը ցույց կտա, կտեսնենք՝ ինչ է անելու քաղաքի համար, արդյո՞ք այս ամենը քաղաքի համար էր, թե՞ այլ նպատակներ էր հետապնդում, ու գյումրեցին և Գյումրին ընդհանրապես կապ չունեին, այդ բոլոր հարցերի պատասխանը կտա ժամանակը։ 

 Իսկ այն, որ պարոն Վարդան Ղուկասյանն անցնում է քերական գործերով, ինչքան տեղյակ եմ 40 դրվագով, դա նոր չէ, մինչև այս պրոցեսներն էին, և Վարդան Ղուկասյանն առաջադրվեց հենց դրա համար, որպեսզի պաշտպանի իր քրեական գործերը։ Ինքն է ասել, ասել է՝ խելոք նստած էի, բառացի չեմ կարող ասել, ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է․ քրեական գործերը քանի որ հարուցվեցին, մասնակցում եմ այս պրոցեսին։ Դա ինչի՞ է անում, որպեսզի հետո Վարդան Ղուկասյանը ելնի և ասի՝ տեսեք, ժողովուրդ ջան, եթե քրեական գործերի արդյունքում որոշակի դատավճիռներ լինեն, ես դարձա Գյումրու քաղաքապետ, դրա համար ինձ ձերբակալեցին կամ ինչ-որ բան եղավ։

Այդ ամենը քաղաքական պրոցես չէ, իրավական հարթության մեջ է»։

Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ  ժողովուրդը չի հիասթափվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ՔՊ-ն 17 հազար 200 ձայն է հավաքել, իսկ Վարդան Ղուկասյանը՝ կրկնակի քիչ։ ՔՊ-ն, ըստ նրա, 2021 թվականին կրկնակի քիչ քվեներ էր ստացել Գյումրու ՏԻՄ ընտրություններին։

Հարցին ՝դուք Վարդան Ղուկասյանին չեք ընդունում, բայց նա նշում է, որ պահելու է սուբորդինացիան, հարգելու է վարչապետի պաշտոնը, Կարեն Սարուխանյանը պատասխանեց, թե կապրեն, կտեսնեն Վարդան Ղուկասյանը իրեն ոնց կդրսևորի։ Ըստ նրա՝ գյումրեցին միամիտ չէ, նրան ոչ մեկը չի կարող խաբել։

Կարեն Սարուխանյանի ասելով՝ Վարդան Ղուկասյանը դեռ պիտի  կարողանա գնալ, աշխատել ու  իրենից կրկնակի ավելի ձայն ստացած  քաղաքական ուժի՝ ՔՊ-ի  ավագանու անդամների ու քաղաքապետի թեկնածուի  աչքերին նայի։ Ըստ նրա՝ ամեն ինչ դեռ առջևում է։

Ճշտող հարցին էլ, թե՝ հնարավո՞ր է նոր զարգացումներ լինեն Գյումրիում, կալանավորումներ, Կարեն Սարուխանյանը նշեց, որ դա իրեն վերաբերող հարց չէ, ինքը կարող է  միայն քաղաքական գնահատական հնչեցնել։

Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու հետ կապված էլ՝  ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Փաստացի Գյումրիում այս պահին ընտրվել է քաղաքապետ, որը որևէ կոալիցիոն համախմբման արդյունքում չէ, բոլորի հայտարարություններին հետևել եք, տեսել եք, տարբեր քաղաքական ուժեր հայտարարել են, որ այո, ընտրում ենք քաղաքապետ զուտ նրա համար, որ ընդդիմադիր  դաշտից է, բայց հետագայում մենք պատասխանատվություն չենք կրելու, բայց կներեք ո՞վ է կրելու այդ պատասխանատվությունը։ Եթե դուք ընտրում եք քաղաքապետ, այդ քաղաքապետի հետագա աշխատանքի համար, լավի էլ, վատի  համար էլ հենց էդ ընտրողներն են կրում չէ՞ պատասխանատվություն»:

Նա, անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրություններից անմիջապես հետո թե՛ իշխանության կողմնակիցների և թե՛ ընդդիմադիրների ճնշումներին, կարծիք հայտնեց, որ պատգամավորի նկատմամբ ամենամեծ ճնշումը հետո է լինելու գյումրեցու կողմից։

«Վստահաբար կարող եմ ասել, որ գյումրեցին չի համակերպվում և լավ չի ընդունել Մարտուն Գրիգորյանի արած քայլը, ի՞նչ  է նշանակում պատասխանատություն չեմ կրելու հետագա ինչ-որ պրոցեսի համար, դա  Գյումրին է, մեր քաղաքն է։ Ո՞վ կարող է գնալ, ընտրել քաղաքապետի, որն ասի՝ ես պատասխանատվություն չեմ կրի»,-ասում է Կարեն Սարուխանյանը։

Հարցին էլ, եթե Վարդան Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի հետ հլու-հնազանդ աշխատի, կդադարի՞ լինել այնպիսի անձնավորություն ՔՊ-ականների համար, որի տեղը բանտում է, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Ցանկացած հանցագործի տեղը բանտում է»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930