«Այս, այսպես կոչված, թալանը պրոյեկտվում է բոլոր արցախցիների վրա։ Մի խումբ մարդիկ օգտվել են այս ամեն ինչից, բայց արցախցիներն են կրում այդ պատասխանատվությունը բոլորի համար»,- Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ասաց, որ Արցախի ներդրումային հիմնադրամը բռնի տեղահանումից հետո չի գործում, խոսքը Արցախում տեղի ունեցած գործողությունների մասին է։ «Ներդրումային հիմնադրամը հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական»,- հավելեց նա։
Շահրամանյանն ասաց, որ ժողովուրդը պետք է ճշմարտությունը իմանա․ «Տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ՝ տաքսի սերվիսներ, գազի «զապրավկաներ» է ձեռք բերել։ Այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երեւան քաղաքում ապրում եմ 2012 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ-ոց երկու սենյականոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ»։
Հարցին, թե ի՞նչ կլաններ են օգտվել Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից, որոնց մասին խոսում են բողոքի ցույց անող արցախցիները, Շահրամանյանը պատասխանեց, որ այս շահարկումները հաշվի առնելով՝ իրենք դիմել են Գլխավոր դատախազություն։ Դատախազությունը պետք է տա իրավական գնահատական, եւ հանրությունը տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սամվել Շահրամանյանն այսօր ակնարկել էր, որ այսօրվա ցույցին մասնակցած որոշ անձինք գումարներ են վերցրել հիմնադրամից, որոնք չեն վերադարձրել։ Անդրադառնալով այս հարցին՝ նա ասաց, որ մեր հասարակությունը փոքր է, բոլորը բոլորի մասին գիտեն։ «Եվ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինես այդպիսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար։ Եվ ես վստահ եմ, որ հասարակությունն իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարն արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց»։
Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք կապ ունի՞ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ «Ես երկար տարիներ Ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել, եւ պարոն Աբազյանի հետ մենք ծանոթ ենք, գործընկերային հարաբերություններ են։ Այդ հարաբերություններն ուղղված են նաեւ մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհետ կորածների հանձնաժողովի ղեկավարը»,- ասաց նա։
Շահրամանյանին հարց ուղղվեց՝ մասնակցե՞լ է մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ինչո՞ւ չի այցելում Ազատության հրապարակում տեղադրված վրան։ «Անհրաժեշտության դեպքում կգնանք, ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ, իրենք են գալիս»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է հանրահավաքին չմասնակցելու մասին հարցին, նա ասաց․ «Հանրահավաքում ինձ չտեսաք, բայց իմ բոլոր հարազատներն ու ընտանիքն այնտեղ էին։ Հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել»։
Արցախի նախագահն ասաց, որ ՀՀ իշխանությունների կողմից իր նկատմամբ ուղիղ ճնշումներ ու սպառնալիքներ չկան։ Բայց Հայաստանի իշխանությունները կապ չեն հաստատում Արցախի իշխանությունների հետ։ «Բռնի տեղահանումից հետո մինչեւ այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որեւիցե առնչություն չունենք, եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել։ Բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, եւ մենք պատրաստ ենք լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»,- հավելեց Շահրամանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ