Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին փուլում առաջարկում են հեռուստանման հարթակները վերցնել վերահսկողության տակ

Ապրիլ 18,2025 16:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ` ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը՝ այսօր ԱԺ-ում ասաց, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ (նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են):

Տիգրան Հակոբյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից։ Հակոբյանն ընդգծեց, որ այս գնահատականը վերաբերում է բացառապես պետություն–մեդիա հարաբերություններին։

 «Քանի որ հանձնաժողովը չի վերահսկում լրատվամիջոցների և դրանց սեփականատերերի կամ ֆինանսավորող ուժերի փոխհարաբերությունները, ապա այդ մասով տեղեկատվության ազատության վիճակի վերաբերյալ գնահատական տալ չենք կարող։ Սակայն, կարծում եմ, այնտեղ իրավիճակը շատ ավելի տխուր է»,– նշեց Հակոբյանը

«Ունենք մոտ 40 հեռուստանման հարթակներ համացանցում, որոնք իսկապես հեռուստատեսություն են․ դրանք հայտնի են, բոլորը նայում են ու դրանք վերահսկողությունից դուրս են եւ այդ անհավասար պայմաններն առաջինը թուլացնում է մուլտիպլեքսի հեռարձակողներին, երկրորդ՝ արտոնություններ է տալիս այդ հեռուստաընկերություններին։ Որպես նախագիծ ենք ուզում ներկայացնել։ 40-ին վերահսկելն այդքան էլ բարդ չի»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։

Վերջինս հետաքրքրվել էր՝ ի՞նչ վերահսկողական լծակներ ունի ՀՌՀ-ն, քանի որ հիմա «ամեն մի սմարթֆոն ունեցող» լրատվական գործունեություն է փորձում ծավալել։

Ըստ Տիգրան Հակոբյանի, վերահսկումը տարբեր կարող է լինել, կոշտ վերահսկում սակայն չեն կարող անել․ ահռելի տեղեկատվական հոսքեր են ու անգամ հզոր երկրները նույնիսկ չեն կարողանում վերահսկողություն իրականացնել։ Աշխարհում կա առցանց բողոքների ինստիտուտը, ինչը Հայաստանում չի աշխատում․ անցած տարի տեղադրվել է համակարգը, հանձնաժողովը ընդամենը 6 բողոք է ստացել։

Լիլիթ Մինասյանը շարունակեց՝ կան լրատվամիջոցներ, որոնք հենց լրատվամիջոց են հանդես գալիս, բայց կան անձինք, որոնք ավելի մեծ լսարան ունեն՝ հաճախ որեւէ լրատվամիջոցից առավել․ որեւիցե մեկը, որը հանդես է գալիս հանրային խոսքով եւ ունի որոշակի լսարան, պե՞տք է որոշակի կանոնների ենթարկվի։

«Այդ երկար, լուսեղեն ճանապարհը մենք շատ երկար պիտի անցնենք, դրա համար առաջ ենք գնում փոքր քայլերով․ յութուբը, բլոգերները եւ այլն Հայաստանի այսօրվա ռեսուրսներով հնարավոր չի շատ արագ վերահսկողության տակ վերցնել»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ առաջին փուլում մենք առաջարկում են հեռուստանման հարթակները վերցնել վերահսկողության տակ։ Նա օրինակ բերեց՝ որոշ երկրներ սոցցանցերում «դեսպաններ» ունեն կամ ԱԳՆ-ում բաժիններ ունեն, որոնք անմիջական կապի մեջ են զբաղվում են խնդրահարույց հարցերով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930