Պատասխանելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՍԴ վերջին որոշման հետ կապված լրագրողների հարցին, թե ստացվում է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված իշխանության հարուցած բոլոր գործերը, հնարավոր է, ինչ-որ պահի վերանայվեն, որովհետեւ որոշ առումով դրանք հակասահմանադրական են ճանաչվել, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ասաց. «Ոչ: Սահմանադրական դատարանը օրենքը հակասահմանադրական չի համարել: ՍԴ-ն երկու կարգավորումներ մեկնաբանել է եւ, ըստ էության, իրավակիրառ պրակտիկային հուշել է, որ այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվել այն մեկնաբանությամբ, որը տվել է Սահմանադրական դատարանը:
Սահմանադրական դատարանը հրապարակել է միայն եզրափակիչ մասը: Ամբողջական տեքստը երբ հասանելի կլինի իր հիմնավորումներով, նոր հնարավոր կլինի պատասխանել մնացած հարցերին»:
Դիտարկմանն ի պատասխան, թե ըստ էության ՍԴ-ն նեղացրել է այն գույքերի շրջանակը, որոնք կարող են անցնել այս օրենքով եւ խոսքը միայն հանցանքի հետ կապ ունեցող եւ պաշտոնը զբաղեցնելուց հետո ձեռք բերված գույքի մասին է, Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց. «Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակներում: ՍԴ-ն չի նեղացրել գույքի շրջանակները: ՍԴ-ն նման գործառույթ չունի: ՍԴ-ն մեկնաբանել է այդ կանոնակարգումները եւ, ըստ էության, իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը:
Ընդհանրացումներ չենք անում: Ցանկացած առանձին դեպք առանձին ուսումնասիրության կարիք ունի: Երկրորդ, օրենքի հիմքում ի սկզբանե դրվել է հետեւյալը. գույքը ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի: Եթե ապօրինի ծագումը առկա է եւ այդ ծագումը փոխկապակցված է անձի կողմից, որը անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը: Բայց կրկնում եմ, որպեսզի կարողանանք ՍԴ կայացրած որոշման մասին վերջնական դիրքորոշում արտահայտել, պետք է ունենանք ամբողջական տեքստը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Երդվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում: Նրանք որոշում են բացառապես անձի անմեղության կամ մեղավորության հարցը: Այսինքն, նրանք են իրականացնում այդ մասով արդարադատությունը: Մնացած հարցերը ըստ էության կարգավորվում են դատարանի կողմից: Սակայն այս հարցը պետք է լուծի ժողովուրդը, որովհետեւ դա սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ