Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, «Իրական Հայաստանի» այսպես կոչված «գաղափարախոսությունն» այլ բան չէ, քան պարտության եւ Արցախի կորստի, եւ դրա համար անձնական ու թիմային պատասխանատվության «քաղաքական փաթեթավորում»՝ նախընտրական նկատառումով:
Կաշխատի՞ դա, թե՞ ոչ: Սա կախված չէ միայն փաթեթավորողից: Ընդ որում, հարկ է նկատել, որ փաթեթավորման հարցում նա աշխատում է ջանադրաբար, հետեւողական: Բայց, անգամ այդ ջանասիրությունը չի կարող լինել արդյունավետության գրավական:
Շատ կարեւոր է այն, թե հակառակ կողմում որքան արդյունավետ կլինի աշխատանքը հանրության հետ, «Իրական Հայաստանի» այսպես կոչված «գաղափարախոսության» արհեստականությունը բացատրելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Սա, ըստ իս, կարեւոր, բայց նաեւ թերագնահատված գործոն եւ խնդիր է: Նիկոլ Փաշինյանի ջանադրությանը հակադրվում է առավելապես զգայական դաշտում գտնվող աշխատանք: Աշխատանքը, որը կառուցված է առավելապես հուզական գործոններով:
Իսկ «ամենաբնական» հուզականությունն անգամ միշտ զիջելու է նույնիսկ արհեստական բովանդակությանը, որը կազմվել է միանգամայն ռացիոնալ հաշվարկներով՝ ընդհուպ դրա մատուցումը:
Ընդ որում, Փաշինյանի մատուցումն էլ իր հերթին ուղեկցվում է հուզականությամբ: Ինչ է անում նա՝ իր հուզական խաղով կանչում է «էստի համեցեք», որպեսզի էմոցիային զուգահեռ էլ վաճառի «Իրական Հայաստանի»՝ իր համար նախընտրական ռացիոնալը:
Ընդդիմադիր դաշտում, առայժմ հակառակ էմոցիայի հետ, չի մատուցվում զուգահեռ ռացիոնալը: Խոսքը ամենեւին առանձին անհատների կամ նույնիսկ փոքր խմբերի մասին չէ, թեեւ անգամ այդպիսիք շատ քիչ են:
Խոսքը համակարգային աշխատանքի մասին է, որը չկա: Ինչո՞ւ չկա: Ինչու՞ է թերագնահատվել ու թերագնահատվում այդ հարցը: Սա առանցքային հարցերից մեկն է, գուցե հռետորական, գուցե՝ ոչ միայն: