Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 21-ից հետո ձեր նշած անձը կարող է դիմել ԱԺ, համապատասխան ձեւով գրանցվել եւ որպես Արցախի նախագահի թեկնածու ներկայանալ»․ Սամվել Շահրամանյան

Ապրիլ 18,2025 15:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղեկացրել ենք, որ արցախցիներն այսօր հավաքվել են Երեւանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ։

Նրանց հարցերին պատասխանեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա ասաց, որ այսօրվա ցույցի կազմակերպիչները բազմիցս հնարավորություն են ունեցել իր հետ հանդիպելու, տասնյակ անգամներ հանդիպել է նրանց ու մանրամասներ ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։

«Իրենք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ՝ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին, քանի որ ես էլ եմ կողմ, որ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Այդ նպատակով էլ 2023 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ դատախազ տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ, այդ շրջանակներում ես հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության, առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ այս գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ ներդրումային հիմնադրամի տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ դիմեց այսօրվա նախաձեռնության կազմակերպիչներին․ «Եթե խոսում եք թալանի մասին, հենց դուք պետք է լինեք արդար, ես դրա կողմնակիցն եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով արցախցիների այն հայտարարություններին, որ եթե Սամվել Շահրամանյանը չի կարողանում իրենց առաջնորդել, թող հեռանա, Շահրամանյանն ասաց․ «Երբ դուք շեշտում եք՝ կամ մեզ առաջնորդիր, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետեւյալը։ Արցախի Սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո, եւ այդ ձեր նշած անձը կարող է դիմել Ազգային ժողով, համապատասխան ձեւով գրանցվել եւ որպես նախագահի թեկնածու ներկայանալ։ Առաջնորդությունը չի լինում միայն փողոցային, ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը, եւ այսօր էլ ժողովրդի այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդին դուրս բերելու համար, գոյություն չունի։ Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարիի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Եվ մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ հնարավորություն տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930