ԱԺ-ում քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան:
Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան վավերացնելու հարցը:
Փոխնախարարի խոսքով կոնվենցիայի պայմանագրային բնույթը պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին ընդունել օրենսդրություն կամ համապատասխանեցնել գործող ներպետական օրենսդրությունը կոնվենցիայի հիմնարար սկզբունքներին: Այն միակ միջազգային պայմանագիրն է, որը չի անդրադառնում կենսաբանության եւ բժշկության ոլորտում պարզապես առանձին հարցերի շրջանակի, այլ այդ բնագավառում ունի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն ուղղված համապարփակ կարգավորումների տիրույթ:
Սահմանվում է պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքն օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում եւ մի շարք այլ դրույթներ:
Կարդացեք նաև
Անդամ պետությունները կարող են սահմանել պաշտպանության առավել խիստ կարգավորումների շրջանակ, ինչը կոնվենցիայով արգելված չէ:
Հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանել է, որ Հայաստանը մեկ հոդվածի հետ կապված վերապահումով է ստորագրել: Հարցը վերաբերում է կոնվենցիայի 14-րդ հոդվածին, որն առնչվում է սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության բացառմանը: Այդ հոդվածը հակասում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետին, որով թույլ է տրվում 3 միեւնույն սեռ ունեցող երեխաների դեպքում 4-րդ երեխայի սեռը որոշել: Ըստ Լենա Նանուշյանի՝ ներկա պահին այդ հարցը ժողովրդագրական կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կարեւորելով կոնվենցիայի ընդունումը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վերապահման մասով չի համաձայնել Առողջապահության փոխնախարարի այն դիտարկման հետ, թե դա ժողովրդագրական նշանակություն ունի: «Այդ կարգավորման ընդունման պահից՝ 2021 թվականի հունիսից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ն այդ կարգավորման շնորհիվ ՀՀ-ում որպես 4-րդ երեխա ծնվել է 16 տղա եւ 3 աղջիկ»,- նշել է Արսեն Թորոսյանն ու փաստել՝ այդ խտրականությունը, այնուամենայնիվ, առկա է:
ԱԺ