«44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել․ սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական գործընթացներից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«5 տարի է՝ քրեական գործեր են գնում։ Մենք ղարաբաղյան․․․ շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես իրենց հետ հաճախ շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել՝ իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց։ Շատ լավ մարդիկ կան, մեր քույրերն ու ․․․ մեծ մասը չի կռվել։ 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից, եւ Արցախից։ Իհարկե, մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք․արդյո՞ք Արցախում բնակվող 150 հազարը, որը որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր՝ արցախցի եղբայրները, իրենք ինչքա՞ն են զոհվել, ՀՀ-ից՝ ինչքան։ Ես ուզում եմ ասել՝ երբ նայում ենք էդ կշիռը, այդքան էլ էդպես չի»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Հիշեցնենք, երեկ հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ արցախցիները չեն կռվել եւ համաձայնել էր Ալեն Սիմոնյանի այն տեսակետին, որ մի 10 զոհ են տվել ընդամենը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ավելի ուշ, Խաչատուր Սուքիասյանը ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ շփոթել է՝ 210-ի փոխարեն ասել է 10։
Կարդացեք նաև
Խաչատուր Սուքիասյանը համաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ արցախցիները մնացել էին միայնակ, որովհետեւ ՀՀ-ից օգնություն չի եղել։
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն մեր միակ միջազգայնորեն ճանաչված սուբյեկտն է եւ այս հարցում մենք շատ զգույշ, խելոք պետք է լինենք, որ ՀՀ-ն հարատեւ լինի։ Ու, ըստ նրա, հարատեւ կլինի, եթե մենք ճանաչենք եւ Սուրբ գրքի պես ընդունենք միջազգային նորմերը։
Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ եւ սկսեց բղավել լրագրողների վրա․ «Էս մարդիկ, որ տառապում են յութուբի դիտումներով, իրենք թքած ունեն Հայաստանի ապագայի, Հայաստանի շահի վրա: Մարդն ուզում է, որ իրեն շատ նայեն, որ ինքը դրանից եկամուտ ստանա: Լրագրությունը մի բան է, սա ուրիշ բան է: Մարդիկ էդ գործիքներից են օգտվում, եւ պատահական մարդիկ էլ են օգտվում, որ այդ կրթությունը չունեն, մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող: Բայց լրագրողը մի ուրիշ որակ պետք է լինի, ուրիշ որակ, ուրիշ կրթվածության աստիճան պետք է ունենա: Լրագրողը պետք է միջավայրը ճիշտ գնահատի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ