«Սա մահակ է ՏԻՄ-երի գլխին։ Սա մի բանի համար է արվում․ այն համայնքների ղեկավարները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, այս մահակն ուղղվի նրանց գլխին։ Էստեղ ուրիշ բաներ եք խոսում․․․ Օրենք ընդունեցինք, որ դատախազությունը կարող է մտնել եւ ստուգել ՏԻՄ-երին․ հիմա փաստորեն նոր գործիքակազմ ենք ընդունում։ Էն գործիքակազմերը, որոնք կան ձեր ձեռքին՝ ի՞նչն է խանգարել, ի՞նչն է խանգարել, որ այն գերատեսչությունները, որոնք որ պիտի զբաղվեին, չեն զբաղվել»,- խորհրդարանում «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ իշխանությանն անհնազանդ համայնքների ղեկավարների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հրամաններ կտրվեն․ «Եթե հրամանը կա՝ գործը կճարվի»։
Նախագիծ առանցքային փոփոխությամբ նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանն էլ, մասնագիտական հարցերին անդրադառնալով, տարակուսեց՝ եթե խնդիր դրվեր կառավարության տրամադրած սուբսիդիաների, սուբվենցիաների, դոտացիաների նկատմամբ վերահսկողության՝ հասկանալի կլիներ, քանի որ պետությունը գումար է տրամադրել՝ գնում է դրանց ծախսերի արդյունավետությունը ստուգելու եւ եթե խնդիր է առաջանում գումարների տրամադրման հարցում, ոչ թե համայնքը պետք է պատժվի, այլ գումար տվողը։ Պատգամավորը հիշեց, որ ժամանակին մի համայնք դիմել էր կառավարությունից գումար ստանալու համար, որպեսզի գերեզմանատան պարիսպը կառուցի, այդ կառավարությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ սուբսիդիաները եւ սուբվենցիաները տրամադրվում են համայնքների զարգացման համար։ Հաջորդ կառավարությունը, սակայն, տրամադրել էր այդ գումարը տվյալ համայնքին։ Նա նաեւ նկատեց, որ տարբեր հարկային խողովակներով համայնքային բյուջեից ավելի շատ գումար է հոսում պետական բյուջե, քան հակառակ ուղղությամբ։
«Համահարթեցման խողովակով համայնքին գումար տրամադրելը պետության լավությունը չի, այլ պարտավորությունը»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով՝ ՏԻՄ իրավունքը կոպտորեն խախտվում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Վիճարկվող խնդիրը՝ ՏԻՄ-երի անկախության սահմանափակումն է։ Ուշագրավ է, որ այս նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեն նաեւ իշխանական պատգամավորները։
Օրինակ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը դեռ կարծիք չի ձեւավորել նախագծի մասին։ Դա կանեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Հարցի գլխադասային հանձնաժողով է եղել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։
Միաժամանակ, ըստ նրա, մի քիչ բացարձակեցնում ենք ՏԻՄ-երի անկախությունը։ Համաձայն է՝ ՏԻՄ-երը պետք է անկախություն ունենան, բայց դա չի նշանակում, որ ՏԻՄ-երն այն աստիճանի ինքնավարություն պետք է ունենան, որ միասնական պետության մասին հնարավոր չլինի խոսել։
Մանրամասները՝ տեսանյութում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տարակուսեց՝ անկախությունից ի վեր ՏԻՄ-երի անկախության ուժեղացմամբ եւ զարգացմամբ ենք զբաղված․ «Ուզում եմ հասկանամ՝ կարող է՞ ինչ-որ բան է փոխվել, որովհետեւ սա միակ օրինագիծը չի, որ համայնքներին կենտրոնական իշխանության վերահսկողության տակ բերելուն է նաեւ միտված։ Այլ օրինակներ էլ կան։ Եթե՝ այո, ուրեմն շատ բան պետք է փոխել, կարող է ինչ-որ մի օր էլ որոշենք, որ համայնքներում ընտրություններ էլ պետք չի անել, համայնքներում ավագանիներ պետք չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը փորձեց փարատել հնչած մտավախությունները՝ ասելով, որ նախավարկածը «համայնքապետերին անպայման բռնել՝ դատելը չի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ