Լրահոս
Բարեւ, տղա՛ս
Օրվա լրահոսը

Ցավալին նաեւ Երեւանի պասիվությունն է: ՀՀ-ն չի արտահայտել պաշտոնական դիրքորոշում Վատիկանում «գիտաժողովի» վերաբերյալ. «Ազգ»

Ապրիլ 18,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդեն անդրադարձել ենք ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի դեսպանության հովանավորությամբ անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդի ժամանակներ» այսպես կոչված «գիտաժողովին»: Սակայն մեկ շաբաթ է անցել եւ պաշտոնական Վատիկանը որեւէ ձեւով չի արձագանքել կատարվածին, որը իրավամբ առաջացրել է Հայ Առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի պատրիարքության դժգոհությունը:

Հայտնի է, որ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանն արդեն իսկ դիմել է Հռոմի պապին՝ ներկայացնելով իրողությունը: Իսկ երկու օր առաջ հրապարակվեց նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Գեւորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի բողոքի նամակը, որում առաջնորդ հայրը խորը վրդովմունք եւ մտահոգություն է հայտնել գիտաժողովի առնչութեամբ:

Իհարկե, այս օրերին նմանատիպ տասնյակից ավելի նամակներ ուղարկվել են հայկական տարբեր կազմակերպությունների, անհատների, գիտնականների, ակադեմիական կենտրոնների ու հոգեւոր առաջնորդների կողմից, սակայն այդ շարքում հատկանշական է Հռոմի Պապ Ֆրանչեսկոսին ուղարկված մի նամակ՝ հեռավոր Արգենտինայից, ուր նա երկար տարիներ ծառայել է:

Նամակի հեղինակները Հռոմի Պապի վաղեմի ծանոթ՝ Արեն եպիսկոպոս Շահինյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդն է, եւ Արամ Կարագյոզյանը՝ Արգենտինայի հայկական կենտրոնի նախագահը:

Նրանք Հռոմի Պապին են փոխանցել ոչ միայն արգենտինահայ համայնքի, այլեւ ողջ սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության համաքաղաքացիների վիշտն ու հիասթափությունը, Հայրապետական Գրիգորյան համալսարանի կողմից ապրիլի 10-ին կազմակերպված միջոցառման կապակցությամբ:

Նրանք համարում են, որ դա ծանր վիրավորանք է ոչ միայն 1,500,000 հայ սուրբ նահատակների հիշատակին, որոնք կոտորվել են Օսմանյան կայսրության կողմից՝ պաշտպանելու իրենց ինքնությունը եւ իրենց քրիստոնեական համոզմունքը, այլեւ 120,000 քրիստոնյաների նկատմամբ, որոնց Ադրբեջանը 2023 թվականին վտարել է Լեռնային Ղարաբաղի իրենց նախնիների հնագույն տարածքներից:

Հետեւաբար արգենտինահայերի հարցադրումը էական է, քանի որ Պապը քաջատեղյակ է հայոց պատմությանը, «եղե՞լ է արդյոք որեւէ նոր զարգացում, որն արդարացնում է նման վիրավորանքը»:

Բնականաբար, այն ինչ կատարվել է ապրիլի 10-ին, դժվար թե այդ մասին Պապը իմանար նախապես, քանի որ այդ օրերին հիվանդանոցում էր: Սակայն այժմ, երբ նա ապաքինվում է եւ արդեն իսկ տեղյակ է կատարվածին նմանատիպ անձնական դիմումների շնորհիվ, պետք է որոշում կայացնի եւ հրապարակի պաշտոնական Վատիկանի կարծիքը, գոնե պետքարտուղարության միջոցով, որի գիտությամբ Արեւելյան եկեղեցիների գերասչության կառավարիչ կարդինալ Կլաուդիո Կուջերոտին, որն ի դեպ հայագետ է, ողջույնի խոսք էր ուղարկել այդ գիտաժողովին: Խնդիրն այստեղ է, թե ինչո՞ւ է Կուջերոտին ողջունել նման գիտաժողովը:

Սակայն այս պատմության մեջ ցավալին նաեւ պաշտոնական Երեւանի պասիվությունն է: Հայաստանը չի արտահայտել որեւէ պաշտոնական դիրքորոշում: Առնվազն, Հայաստանի արտգործնախարարությունը որեւէ հայտարարություն չի հրապարակել: Մինչդեռ Վատիկանը ոչ միայն կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, այլեւ քաղաք-պետություն, որի հետ Հայաստանը 1992 թվականից հաստատել է դիվանագիտական հարաբերություններ եւ Վատիկանում բացել դեսպանություն:

Իսկ միգուցե Վատիկանը սպասում է նաեւ պաշտոնական Երեւանի հրապարակային կարծիքին:

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930