Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը

Ապրիլ 18,2025 10:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ. «ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:

Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…»:

Նշենք, որ խոսքն այս հարցազրույցում հետեւյալ հատվածի մասին է

Լրագրող – [արցախցիները 2023-ի սեպտեմբերին] մեծ թվով զոհեր են ունեցել․․․

Խ․Ս․ – Էդ ձե՛զ ա թվում, բերեք ինձ․․․ սուտ եք խոսում․․․ սուտ խոսեցիք, սու՛տ խոսեցիք։ Զոհ չե՛ն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ ա․․․ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա․․․ Զոհ չեն ունեցել։  Էդ սկզբի կռիվն ա եղել, որ մի քանի մարդ ա զոհվել․․․

Լրագրող – Այսինքն, չե՞ն կռվել։

Խ․Ս․ – Ո՞վ ա ասում, որ կռվել են։ Ո՞վ ասեց, որ կռվել են Որտե՞ղ են կռվել։ Էդ օրերին երկու օր ա տեւել, մարդիկ․․․

Լրագրող – իսկ 44-օրյայի ժամանա՞կ։

Խ․Ս․ – 44-օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել։ Ես դրա մասնագետը չեմ, էդ կգնաք դատարաններում կլսեք, ոնց ա եղել։ Ու գնացեք, հարցրեք՝ ջոկատներում ովքեր են կռվել։ Դու լրագրող եք, ինձ ինչի՞ եք հարցնում․․․»:

Ավելի ուշ Խաչատուր Սուքիասյանը տարածել էր հայտարարություն, թե հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային. «Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»:

Լրագրող Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրում է. «Սուքիասյանը նախ ընդհատում է լրագրողին ու կասկածի տակ է դնում պնդումը, թե արցախցիները զոհեր են տվել 23-ի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ։ Նա 3 անգամ լրագրողին մեղադրում է սուտ պնդում անելու մեջ, 2 անգամ ինքն է պնդում,, որ արցախցիները զոհ չեն ունեցել, մեկ անգամ ասում է՝ տասը զոհ է եղել, 1 անգամ էլ ասում է կրկին՝ մի քանի զոհ են ունեցել։ Դրանից հետո երեք անգամ կասկածի տակ է դնում ընդհանրապես կռված լինելու հանգամանքը (ո՞վ ասաց, որ կռվել են․․․)։ Երբ լրագրողն արդեն հարցնում է 44-օրյայի մասին, էստեղ արդեն մինչ էդ վստահ Սուքիասյանի մոտ ի հայտ է գալիս իրազեկվածության պակասը․ («մասնագետ չեմ, տեղյակ չեմ, գնացեք ուսումնասիրեք»)։

Ի դեպ, Սուքիասյանը նման մի հայտարարություն արել է նախորդ տարվա սեպտեմբերին, եւ այդ ժամանակ FIP.am-ը հիշեցրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի 21.8%-ը Արցախի գրանցում են ունեցել, այն դեպքում, երբ ԼՂՀ բնակչությունը կազմում էր երկու հանրապետությունների ընդհանուր բնակչության 4.7%-ը (!)։

Հիմա խնդրում եմ, ինքներդ դատեք՝ արդյոք անկե՞ղծ է իր զղջման մեջ Խաչատուր Սուքիասյանը, արդյոք նա իր գործած սխալի մեջ միտում չի՞ ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930