Քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ անառողջ միջավայրում։ Այս պնդման հերթական վկայությունն է Գյումրու ընտրություններն ու դրա արդյունքում համայնքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությունը։
Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցում էր քաղաքական ինն ուժ։ Նրանց մեջ կային քաղաքականապես եւ բարոյապես առողջ, քաղաքակիրթ, զուսպ թեկնածուներ։ Սակայն առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու կոմունիստները՝ Սարիկ Մինասյանի եւ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, վերը նկարագրված ուժերի շարքին չեն պատկանում։
Հակաղարաբաղցիներն ու քրիստոնյա կոմունիստները
Առաջին տեղը զբաղեցրել է վարչապետ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը. քաղաքական ուժ, որը մնաց հավատարիմ իր նախընտրական տեխնիկային, դիմեց պոպուլիզմի եւ դեմագոգիայի օգնությանը եւ որոշակի հաջողության հասավ։ Սա չնայած այն փաստին, որ ՔՊ-ն Արցախը կործանած իշխանություն է՝ իր հակաղարաբաղցի առաջին դեմքերով հանդերձ։
Կարդացեք նաև
Երկրորդ հորիզոնականում Գյումրին 2000-2012 թվականներին ղեկավարած գործչի առաջնորդությամբ ընտրությանը մասնակցող Կոմունիստական կուսակցությունն է։ Ստացվում է, որ Հայաստանի խոշորությամբ երկրորդ քաղաքում որպես Փաշինյանի կործանարար իշխանության այլընտրանք են տեսել կասկածելի անցյալ ունեցող, ինքնակոչ պահպանողական, քրիստոնյա, բայց, այնուամենայնիվ, կոմունիստ, Վարդան Ղուկասյանին։
Փաստը, որ ՔՊ-ն իշխանություն չկարողացավ ստանձնել Գյումրիում, լավ է, բայց լավն այսքանով եզրափակվում է, քանի որ Վարդան Ղուկասյանի՝ համայնքապետ ընտրվելու մեջ որեւէ լավ բան չկա։
Քաղաքացիները մեկ պոպուլիստ-դեմագոգից (ինչ խոսք, կարելի է էլ ավելի կոշտ բնութագրիչներ կիրառել) հոգնել են, որոշել են փոխարինել նրան մեկ այլ պոպուլիստ-դեմագոգի (այստեղ եւս ավելի կոշտ բնութագրիչները չէին խանգարի) հետ:
Մաքրել ավգյան ախոռները
Այս ամենը գալիս է ապացուցելու, որ մեր հասարակությունում քաղաքական, քաղաքացիական գիտակցությունը շարունակում է ցածր մակարդակի վրա մնալ։ Չմոռանանք մայրաքաղաքի ավագանու 2023 թվականի ընտրություններում գյումրեցի Վարդան Ղուկասյանի անվանակից Դոգի քաղաքական ուժի հավաքած տասը տոկոսը։
Անհրաժեշտ է ընկալել, որ պնդումները, թե մեր բոլոր խնդիրների աղբյուրը Նիկոլ Փաշինյանը կամ իր ուժն է, մակերեսային են։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ վերաբերում է հասարակության կրթական մակարդակին։
Աներկբայորեն, Փաշինյանից եւ նիկոլիզմից պետք է օր առաջ ազատագրել Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այդ սպասվելիք իշխանափոխությունը չպետք է լինի միայն իշխանության փոփոխություն։
Սպասվելիք իշխանափոխությունը պետք է հանդիսանա հիմքը՝ ավգյան ախոռները մաքրելու՝ Հայաստանում մոդայիկ դարձած տգիտությանը եւ անգրագիտությանը վերջ դնելու համար։
Ինչո՞ւ ենք իշխանափոխությունը տեսնում զուտ որպես վարչապետի, նախարարների, պատգամավորների, այլ պաշտոնյաների փոփոխություն։ Ոչ։ Իշխանափոխությունը պետք է լուսավորչության նոր էջ բացի Հայաստանում, ուստիեւ պետք է ընդգծեմ մտվորականության դերն իշխանափոխության եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում։
Գյումրու ընտրության դրական կողմը
Վերադառնալով «հայրաքաղաքի» ավագանու ընտրության թեմային՝ այնուամենայնիվ, ես մեկ դրական արձանագրում ունեմ այս ընտրության կապակցությամբ։
Քաղաքական որեւէ ուժի կողմից մեծամասնություն չհավաքելը հետընտրական կոալիցիոն բանակցությունների պատճառ հանդիսացավ։ Եթե մենք ժողովրդավարությանը ձգտող հասարակություն ենք, պետք է ավելի ու ավելի հանդարտ կերպով ընդունենք ընտրության այսպիսի արդյունքները եւ կոալիցիոն կամ ոչ կոալիցիոն համագործակցությունները՝ հիվանդագին չընդունելով այդ գործընթացում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը։ Շատ է խոսվում Եվրոպայի օրինակելիության մասին։ Այս հարցով միանշանակ արժե օրինակ վերցնել եվրոպացիներից։
Ժողովրդավարության վտանգը
Իսկ նրանք, որոնք անվանարկում են գյումրեցիներին Վարդան Ղուկասյանին համայնքապետ «կարգելու» համար, հիշեցնեմ, որ Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժը երկրորդ տեղն է զբաղեցրել, նրա օգտին քվեարկել է տասը հազարից պակաս մարդ՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 21%-ը։
Իսկ ինչ վերաբերում է Ղուկասյանի անձին, ժողովրդավարության վտանգներից մեկն էլ հենց այն է, որ ընտրության արդյունքում միշտ չէ, որ խոհեմ եւ իմաստուն ղեկավար է ընտրվում։
Ի դեպ, Փաշինյանի վարչապետ ընտրվելը նույնպես տեղավորվում է այս տրամաբանության մեջ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2025