Օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը:
Նրա խոսքով աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր փողերի լվացման եւ սպառողների շահերի պաշտպանության հետ կապված, եւ այստեղ կարեւոր է հնարավորություններն ու ռիսկերը հավասարակշռելը:
Ոլորտի զարգացման տեսանկյունից զեկուցողը կարեւորել է դաշտում գործող ընկերությունների համար իրավական որոշակիության ապահովումը:
Արմեն Նուրբեկյանը նշել է, որ Կենտրոնական բանկը տեխնոլոգիա կարգավորելու իրավասություն չունի, այն կարգավորելու է ֆինանսական հիմնական ռիսկերը: Նա ներկայացրել է հիմնական կարգավորվող գործունեության տեսակները: Դրանք են՝ առեւտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ, կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանությանն ուղղված պահանջներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են քննարկումներ. հանձնաժողովը որոշել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս մեկ քննարկում անցկացնել: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությանը հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է նաեւ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ նշելով, որ հարցի վերաբերյալ հանրությանն իրազեկելու կարիք կա:
ՀՀ ազգային ժողով