ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձև է քննարկել։ ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Վեհաժողովը «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծն ընդունել է 105 կողմ, 9 դեմ (ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Էրիթրեա, Մալի, Նիկարագուա, Նիգեր, Սուդան) և 33 ձեռնպահ ձայներով։
Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել բանաձևին, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։ Փաստաթղթի տեքստում մի քանի անգամ հիշատակվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացված ագրեսիան։ Մասնավորապես, ասվում է, որ Եվրոպան աննախադեպ մարտահրավերների կբախվի «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ագրեսիայից հետո»։
Բանաձևի նախագծում նաև հիշատակվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ աշխատանքը։ Ուշագրավ, որ ԱՄՆ-ը նույնպես, ՌԴ-ի հետ միասին, դեմ է քվեարկել։ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման միջոցով, Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակն է։ Ներկայիս բանաձևը կրկնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ, որոնք Միացյալ Նահանգները համարում է անօգուտ խաղաղության գործի առաջխաղացման համար»,- քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում ԱՄՆ-ի ժամանակավոր ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերը։
Նրա խոսքով՝ վստահ են, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի կայուն կարգավորումը մեծագույն նշանակություն ունի Եվրոպայի խորհրդի անդամների, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար։ «Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները կաջակցեն և կամրապնդեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ջանքերը»,- ասել է Շրայերը։
Կարդացեք նաև