Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին տաղանդավոր բեմադրիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին։ Նա մահացել է հիվանդությունից, աճյունը հայրենիք են տեղափոխել ԱՄՆ-ից։
Նա տարբեր թատրոններում է աշխատել, բազում կերպարներ մարմնավորել, սակայն գյումրեցիների հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես Լիր արքա, որի անզուգական խաղը դիտելու համար գյումրեցիները քառօրյա պատերազմի ծանր օրերին թատրոն էին շտապում՝ նույնիսկ համաձայնելով հատակին նստած դիտել շեքսպիրյան ողբերգությունը։
Այդ օրերին գյումրեցիները փորձում էին սփոփանք գտնել եկեղեցում ու թատրոնում․ 4 ժամ շարունակ շունչը պահած՝ մտորել, արտասվել, ժպտալ Լիր արքայի հետ․ Ռաֆայել Գրիգորյանից առանձնապես ջանքեր չէր պահանջվում հանդիսատեսին մտցնել շեքսպիրյան աշխարհ։
Կարդացեք նաև
Պատերազմից հետո էլ երկար ժամանակ հանդիսատեսը պահանջում էր նորից ու նորից բեմադրել Լիր արքան․ ռեժիսոր Արթուր Սահակյանը այն համարում էր իր ամենաաղմկոտ գործերից՝ միաժամանակ չկարողանալով բացատրել, թե որն է Գյումրվա Լիր արքայի ֆենոմենը։
Շեքսպիրը բեմ էր վերադարձրել երկար տարիներ թատրոնից հեռացած երկու պրոֆեսիոնալների․ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին, որը մարմնավորում էր Գլոստերի դերը։
Այսօր էլ Սամվել Գրիգորյանը երկխոսում էր Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի աճյունը Գյումրու թատրոնի բեմում էր՝ իր իսկ մարմնավորված Լիր արքայի նկարի տակ։
«Ռաֆ, քեզ սպասում էինք, որ գաս և ևս մեկ անգամ Լիր արքան նորից խաղանք։ Ինչո՞ւ ցավ պատճառեցիր մեզ, ինչո՞ւ․․․ Քեզ պիտի ասեինք՝ Ռաֆ ջան, բարով ես եկել, իսկ հիմա ի՞նչ պիտի ասենք՝ բարով գնաս, հա՞։
Ռաֆայել Գրիգորյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի համար, այլ հայ թատերական արվեստի, և ամենամեծ ցավը մեր թատրոնին է պատճառվել, մենք պիտի հանդիպեինք կամ իր խաղացած հրաշք «Լիր արքայով» կամ մի ուրիշ ներկայացմամբ։
Ռաֆ ջան, քեզ երկար կհիշենք, ափսոսում եմ, որ նոր, եկող սերունդը չտեսավ քո նոր արարումները, նոր դերերը՝ ուսանելի, բարձր, ներող կլինես, բայց չեմ կարողացել համեմատել մեկը մեկի հետ։
Գնաս բարով ընկեր ջան, ես գիտեմ, որ դու դրախտ ես գնալու՝ քեզ ուղեկցելու են հրեշտակները, նկարը Լիր արքայի, որ խաչ ես դառնում մեզ համար, մենք պիտի աղոթենք, միշտ աղոթենք քեզ համար, քո տաղանդի համար, մնաս բարով»,-արցունքները մի կերպ զսպելով ասաց Սամվել Գրիգորյանը։
Արթուր Սահակյանն էլ ասաց, որ ինքը կորցրեց ընկերոջ, իսկ թատրոնը կորցրեց «զիլ» դերասանի, ինքը սպասում էր Ռաֆայել Գրիգորյանին, որը պիտի մի ամիս հետո հայրենիք գար, որովհետև միասին շատ անելիքներ ունեին։
«Իր տեղը չի լցվում»,-ասաց Արթուր Սահակյանը՝ հազիվ զսպելով արցունքները։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն էլ ասաց, որ թատրոնն աղքատացավ տաղանդավոր արվեստագետի հեռանալով։ Նա ասաց, որ պահել են «Լիր արքա» ներկայացման թե՛ դեկորացիան, թե՛ զգեստները՝ հույս ունենալով, որ Ռաֆայել Գրիգորյանը գալու էր ու նորից խաղալու էին։
«Կարծում եմ՝ բոլորն են հիշում «Լիր արքան», երբ ունեցանք առաջնախաղ, դահլիճը լեփ-լեցուն էր, ծանր օրեր էին, բայց հանդիսատեսը գալիս էր թատրոն։ Այն ծնվեց քառօրյա պատերազմի օրերին, երբ մտածում էինք հանդիսատեսը չի գա, բայց դահլիճում կանգնելու տեղ անգամ չկար, մինչև օրս խոսում են այդ ներկայացման, Ռաֆայել Գրիգորյանի դերակատարման մասին ու դեռ շատ երկար կհիշեն։
Իմ ուսանողական տարիներին ինստիտուտից հրավիրվեցի, Ռաֆայել Գրիգորյանը բեմադրում էր «Ծառերը կանգնած եմ մահանում», ես այնտեղ մասսայական տեսարաններում խաղացի ու դրանից հետո մի քանի ներկայացումներում առիթ ունեցել եմ որպես դերասան՝ աշխատել պարոն Գրիգորյանի հետ, բեմադրություններ ինքն էր իրականացնում, առանձնահատուկ դպրոց էր, շատ բան եմ սովորել։
Նա թատրոնի խաղացանկում ունի մի քանի ներկայացում, որոնք մենք առ այսօր խաղում ենք, ցավոք սրտի, Լիր արքան չենք խաղում․․․
Իմ գիտակցական կյանքում ինչքան Լիր արքայի բեմադրություն եմ տեսել, վստահ կարող եմ ասել, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնինը լավագույն ներկայացումներից մեկն է, Լիր արքայի լավագույն դերակատարը Ռաֆայել Գրիգորյանն է», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Ռաֆայել Գրիգորյանին նրա գործընկերներն ու երկրպագուները ճանապարհեցին բուռն ծափահարություններով՝ մեծ ափսոսանքով։
Նրան կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են մշակույթի, հասարակական ու քաղաքական ճանաչված գործիչներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ