«Ես գնացել եմ Սոթք, ամեն ինչ խաղաղ է, տագնապալի ոչ մի բան չկա։ Լսվել են կրակոցներ, այդ ժամանակ պարզ չի եղել, թե որ կողմից են լսվել կրակոցները։ Բնակիչները այդպիսի ձայներ լսել էին, մենք էլ դրա մասին ասել էինք, որ լսվել են ձայներ, բայց որեւէ այլ բան չկա»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, որ Սոթքում եւ սահմանամերձ այլ գյուղերում վերջին շրջանում բնակիչները կրակոցների ձայներ են լսում։ Թե ինչ կրակոցներ են եղել դրանք, մարզպետը չմանրամասնեց, հորդորեց դիմել Պաշտպանության նախարարությանը։
Հարցին, թե կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի բնականոն աշխատանքը խաթարվե՞լ է, թե շարունակվում է, Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Ոչ, որեւէ այդպիսի բան չկա, Սոթքի հանքավայրը բնականոն հունով իր աշխատանքները կազմակերպում է, որեւէ դադար չի եղել»։
Հայտնի է, որ Գեղարքունիքի մարզի որոշ տարածքներ բռնազավթված են թշնամու կողմից։ Հարցին, թե մտահոգի՞չ չէ, որ ՀՀ իշխանություններն այդ տարածքների հարցը չեն բարձրացնում, նա պատասխանեց․ «Ուզում եմ ձեր դիտարկմանը չհամաձայնել, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի հարց չեն բարձրացնում։ Չարաչար սխալվում եք, մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք այն մասին, որ սահմանազատման դեպքում այդ հարցերը կկարգավորվեն»։ Միաժամանակ մարզպետն ասաց, որ սահմանազատման հարցով որեւէ ժամկետ չի կարող նշել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ