«Նշել էինք, որ ապրիլի 15-ից հետո կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, այսօր չենք հայտարարել, քանի որ իշխանության հետ հանդիպում է եղել, այդ հանդիպման ընթացքում կար առաջարկ, որ երկու ամիս 40 հազար դրամ յուրաքանչյուր մարդու տան վարձի օգնություն տան, մասնագիտական խմբերով աշխատեն։ Նրանք համաձայնել են մեր տարբերակներին, որ բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներ լինեն, փոփոխություններ լինեն։ Համաձայնել են, որ կային ծրագրեր, որ ճիշտ չէին գործում։ Ու այդ հարցերը մեզ չթողեցին, որ մենք հայտարարենք հանրահավաքի մասին»,- «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ այսօրվանից սկսում են քննարկումներ, որպեսզի հասկանան, թե ժողովրդի կարծիքն այս հարցով ինչ է․ «Քանի որ այս ամենը տեղի է ունենում ժողովրդի կողմից, ժողովուրդը որոշում պիտի կայացնի՝ վրանը հանվի՞, թե՝ ոչ, որ երկու ամիս էլ երկարաձգվի և փորձենք բնակապահովման հարցի շուրջ քննարկումներ ունենալ։ Մեր ներկայացրած 12 կետերից 11-ը չի վերաբերում սոցիալական բնագավառին, իսկ այսօր սոցիալական բնագավառի շուրջ են միայն քննարկումները։ Մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը, դա կփոփոխվի՝ կախված ժողովրդի կամքից։ ՀՀ իշխանությունները պարտավոր են այդ կետերի շուրջ մեզ հետ քննարկումներ անել։ Մեկ է՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք մյուս 11 կետերի շուրջ։ Մեր պահանջագրին պատասխանել են միայն մեկ կետով, հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որը սոցիալական ոլորտի պատասխանատուն է»։
Լրագրողները նշեցին՝ արցախցիների հասցեին մեղադրանքներ են հնչում, որ համաձայնել են 40 հազարի դիմաց փոխել իրենց ռազմավարությունը, Արտակ Մկրտչյանն արձագանքեց․ «Մենք ներկայացրել ենք այն, ինչ քննարկվել է։ Մենք դեռ կոնկրետ հայտարարություն չենք տարածել՝ համաձայնել ենք, թե ոչ։ Այս քննարկման պայմանն էլ հենց դա է, որ հասկանանք՝ ժողովուրդն ինչ է ցանկանում։ Պետք է առավելագույնս հասկանանք ժողովրդի մեծամասնության ցանկությունները՝ գնա՞նք այդ քայլին, թե՝ ոչ։ Պայքարը շարունակվելու է։ Ասել ենք, որ մի քանի օր էլ լինելու են շփումներ ժողովրդի հետ, հետո խորհուրդը հստակ որոշում կկայացնի՝ ինչ է անելու»։
Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Արցախի ներկայացուցչությունը փակվում է և Սամվել Բաբայանն առաջադրվելու է՝ որպես ԱՀ նախագահի թեկնածու, Արտակ Մկրտչյանը պատասխանեց․ «Չեմ տիրապետում նման տեղեկատվության։ Արցախի ներկայացուցչությունը չի փակվում։ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որ մինչև նոր ընտրություններ կարողանան այստեղ իրականացնել իրենց գործառույթները։ Այդ գործառույթները դեռ կշարունակվեն, կշարունակեն գործել ԱԺ-ի և իշխանությունների լիազորությունները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ