Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների պետական-քաղաքական մտածողությունը վաղուց փոխակերպվել է պրագմատիկ սեփական և/կամ արտաքին կողմերի նպատակների՝ ազգային շահերից վեր դասելուն. Դավիթ Անանյան

Ապրիլ 17,2025 14:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներկայիս իշխանական խմբակի ղեկավարի հայտարարությունը, թե «ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», ըստ էության, քաղաքական օրակարգի շրջանակը «նսեմացնելու» փորձ է՝ բացառելով մի թեմա, որը ոչ միայն պատմական, այլև ռազմավարական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։

Այս և նման հայտարարությունները միտված են արհեստականորեն մարգինալացնելու այն հասարակական-քաղաքացիական շարժումը, որը ձեռնարկել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը»։

«Արցախցիներ և հայաստանցիներ» հակադրության շեշտադրումը, որը նկատվում է իշխող շրջանակների հռետորաբանության մեջ, ազգային միասնությունը խաթարելու վտանգավոր և միևնույն ժամանակ գիտակցված ու միտումնավոր վարքագիծ է։ Դրանով իշխանությունը արցախցիների պայքարը փորձ է անում ներկայացնել որպես ինչ-որ տեղային կամ նույնիսկ նեղ հասցեական բողոքի ակցիա՝ միտումնավոր անտեսելով այն փաստը, որ Խորհրդի առաջադրած պահանջներն ունեն համահայկական ու համաժողովրդական նշանակություն։ Այս պահանջները վերաբերում են մեր բոլորի հիմնարար իրավունքներին և հավասարապես կարևոր են մեր ամբողջ ժողովրդի համար՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից։

Քաղաքական տեսանկյունից Խորհրդի գործողությունները կարող են դիտվել որպես ազգային ուղղվածություն ունեցող օրակարգ ձևավորող կարևոր նախաձեռնություն: Սա պարզապես արձագանք չէ առկա խնդիրներին, այլ ազգային շահերի համակարգային ըմբռնման և ներկայացման փորձ՝ իշխանություններին քաղաքական և իրավական պահանջի ձևաչափով։

Խորհուրդը, հանդես գալով ժողովրդավարական ավանդույթների շրջանակներում՝ հրապարակային ակցիաներով և կոչերով, փաստացի վերադարձնում է «ժողովրդի կամքի» հասկացությունը իրական քաղաքականության դաշտ։ Սա համաժողովրդական մոբիլիզացիայի օրինակ է, որի նպատակն է հիշեցնել իշխանություններին իրենց հիմնական գործառույթի մասին՝ պաշտպանել բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ամենախոցելի վիճակում գտնվողների շահերը։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան հստակ և մարդու հիմնարար իրավունքների վրա ընդգծված ազգային օրակարգը պատճառաբանվում կամ վարկաբեկվում իշխանությունների կողմից։ Պատասխանը մեկն է․ իշխանությունների մոտ պետական-քաղաքական մտածողությունը վաղուց փոխակերպվել է պրագմատիկ սեփական և/կամ արտաքին երրորդ կողմերի շահերի և նպատակների՝ ազգային շահերից վեր դասելուն։

Խորհրդի կողմից հստակ, կառուցվածքային և իրավաբանորեն հիմնավորված օրակարգ սահմանելը էական մարտահրավեր է ներկայիս կառավարության համար, քանի որ նա ստիպված է կա՛մ ընդունել այս օրակարգը և կատարել այն, կա՛մ ցույց տալ մերժում, որն իրականում նշանակում է խուսափել իր առաջնային գործառույթի կատարումից։ Այս համատեքստում իշխանությունը կանգնած է ոչ միայն քաղաքական գործողությունների երկընտրանքի առջև, այլև՝ հասարակության աչքում վերջնականապես իր իշխանության լեգիտիմության վերջին փշրանքները կորցնելու իրական վտանգի առջև։

Ահա այստեղ է, որ մենք բոլորս անելիք ունենք․ մենք պարտավոր ենք հանրային ընկալման մեջ Խորհրդի առաջ քաշված ՏԱՍՆԵՐԿՈՒ կետից բաղկացած կոչ-պահանջը դարձնել յուրաքանչյուրինս և բոլորինս՝ միաժամանակ։

Տասներկու կետերից բաղկացած կոչ-պահանջը կարող եք տեսնել այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930