Վաշինգտոն – Ս․թ․ ապրիլի 8-ին, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), Դեյվիդ Վալադեոն (հանրապետական, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), 21 այլ կոնգրեսականների հետ միասին նամակ ուղարկեցին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում ամերիկյան ուղղակի և ակտիվ ներգրավվածության կոչ անելով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական սպառնալիքները և այն վտանգը, որը դա ստեղծում է փխրուն խաղաղության գործընթացի համար՝ մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պարտավոր է կիրառել վստահությանը և անվտանգության ամրապնդմանը ուղղված կարևոր միջոցներ»,- ընդգծեցին կոնգրեսականներն երկկուսակցական նամակում։
Նամակում նաև խրախուսվեց Թրամփի վարչակազմին առավել մեծացնել իր ներգրավվածությունը խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և միանշանակ համաձայնություն տրվեց պետքարտուղար Ռուբիոյի այն հայտարարությանը, որ «հիմա է ժամանակը հանձնառու լինել խաղաղությանը» Հարավային Կովկասում և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի կոչին՝ «այժմ ավարտին հասցնել այս խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակել բանտարկյալներին և միասին աշխատել՝ տարածաշրջանն ավելի ապահով ու բարգավաճ դարձնելու համար»:
«Մինչ Հայաստանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և թեքվել դեպի Արևմուտք, Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության հրամայական է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին», – ընդգծեցին կոնգրեսականները։
Կարդացեք նաև
«Համագումարի 2025թ․-ի Քարոզչական գագաթնաժողովի շրջանակներում հարյուրավոր ակտիվիստներ, որոնք հավաքվել էին Վաշինգտոն մայրաքաղաքում, անցյալ շաբաթ, շեշտեցին Ադրբեջանի կողմից պատանդ պահվող հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նրանց ազատ արձակման»,- հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Բացի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնից, Դեյվիդ Վալադաոյից, Գաս Բիլիրակիսից և Բրեդ Շերմանից, ստորագրողների թվում էին նաև․ Գեյբ Ամոն (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջուդի Չուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լորա Ֆրիդմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոշ Գոթհայմերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս), Մայք Լոուլերը (հանրապետական, Նյու Յորք), Սամեր Լին (դեմոկրատ,Փենսիլվանիա), Զոու Լոֆգրենը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սեթ Մեգազիները (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջիմ ՄաքԳավերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս), Դեյվ Մինը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քևին Մալինը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլենոր Նորթոնը (դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Իլհան Օմարը (դեմոկրատ, Մինեսոտա), Չելի Փինգրին (դեմոկրատ, Մինեսոտա), Լինդա Սանչեսը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեն Շաքաուսկին (դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շնայդերը (դեմոկրատ, Իլինոյս), Հեյլի Սթիվենսը (դեմոկրատ, Միչիգան), Լորի Թրահանը (դեմոկրատ, Մասաչուսեթս):
Ամերիկայի հայկական համագումար