2002 թվականին Ցեղասպանության թանգարանի ասպիրանտ, ՍԴ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից դատապարտեց նախկին իշխանություններին՝ Ցեղասպանության ճանաչման մասին միայն բարձրագոչ հայտարարությունների համար։ Նա պատասխանում էր ընդդիմադիր գործիչների մեղադրանքներին՝ ՔՊ-ի կողմից Ցեղասպանության ուրացման համար։ Նա հեգնեց՝ ասպիրանտի 13 հազար դրամ կրթաթոշակով, 34 հազար դրամ միջին աշխատավարձո՞վ էիք պայքարում Ցեղասպանության ճանաչման համար, միջազգային քրեական դատարանի նախագծին դեմ քվեարկելո՞վ։ Վլադիմիր Վարդանյանը նախկիններին մեղադրեց՝ երկակի չափանիշների կիրառման մեջ՝ ասելով, որ անկեղծ պետք է առերեսվենք մեր պատմության եւ իրականության հետ։
Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։
Մինչ այդ նա պատասխանել էր ՀՀ-ում վեթինգը տապալելու մասին տեւական ժամանակ հնչող հանրային մեղադրանքներին։
«Հայաստանում վեթինգը, այն ընկալմամբ, որի մասին մենք խոսում ենք, այսինքն` իբրև հնարավորություն՝ ստուգելու համապատասխան անձանց բարեվարքությունը, չի տապալվել։ Տապալվել է այն վուլգար վեթինգը, որը փորձում էին հրամցնել՝ թե աջից, թե ձախից, որի արդյունքում ՀՀ դատաիրավական համակարգն էապես կխախտվեր, մարդու իրավունքների խախտումներն էապես կաճեին, իրավունքի գերակայությունն էապես կնվազեր»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ բարեվարքության ներդրված համակարգը թույլ է տալիս արձանագրել, որ պաշտոնական անձանց գործունեության հիմքում պարբերաբար վեթինգի ինստիտուտն են ներդրել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Վլադիմիր Վարդանյանը խոսեց նաեւ Գյումրիում կայացած ընտրություններից՝ Հայաստանի քաղաքական համակարգի համատեքստում՝ ասելով, որ այլեւս ստիպված է լինելու իր եվրոպացի գործընկերներին հայկական քաղաքական դաշտի առանձնահատկությունները բացատրել, քանի որ դաշտի առավել աջ ու առավել ձախ ուժերը ամբողջ աշխարհում անհնար է, որ միանան եւ իշխանություն ձեւավորեն․ «Բայց Հայաստանում դա հնարավոր է․ մենք կարող ենք ունենալ առավել լիբերալ, նույնիսկ պրոեվրոպական օրիենտացիա ունեցող քաղաքական գործիչներ, որոնք, չգիտես ինչու, դաշինք են կնքել կոմունիստական կուսակցության հետ։ Այլ բան է, որ ոչ լիբերալներն են լիբերալ, ոչ կոմունիստները՝ կոմունիստ․ սա է հայկական իրականությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ