Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարի եւ փրկության շանսի օրեր հայ ժողովրդի համար

Ապրիլ 17,2025 12:30

Տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի ու իշխանության կողմից անհրաժեշտ ամեն ինչ արվել է եւ սպասում են իրենց «փրկության» հակաքայլերին, որպեսզի «ջախջախեն» հակառակորդին ու ազատագրեն Հայաստանը:

Թե հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից մինչ այսօր ինչ վայրիվերումների միջով է անցնում հայ ժողովուրդը, Հայաստանը, բազմիցս եւ բազում վերլուծություններով ներկայացվել է աշխարհին ու հայ ժողովրդին, սակայն դրանք առ այսօր որեւէ ռեալ փոփոխություն չեն առաջացրել որեւէ մեկի պահելաձեւի մեջ, ավելին՝ գնալով Հայաստանում իրավիճակը չափազանց կատաստրոֆիկ պատկեր է ստանում՝ երկիրն ուղիղ գծով գնում է կործանման եւ փրկության ոչ մի լույս չի երեւում: Կարծես՝ հայ ժողովուրդը հանգիստ է եւ արհեստականորեն առաջացած այս դադարի օրերը՝ մինչ հայ-ադրբեջանական «համաձայնագրի» կնքումը, համարում է զուտ հանգստյան օրեր, որոնք նույն կերպ է անցկացնում, ինչպես մինչ այժմ:

Չեմ հասկանում՝ հայ ժողովուրդն իրեն կույրի, խուլ ու համրի տե՞ղ է դրել, թե՞ իրականում դա այդպես է, որի հետեւանքով փորձ անգամ չի անում շարժ անել ու փորձել փրկել իրավիճակը: Սա նման է նրան, որ ճիշտ բուժում չկատարելու հետեւանքով հիվանդի վիճակը գնալով օր օրի վատանում է եւ հիվանդին ամեն օր մոտեցնում է մահվան, սակայն հարազատներն առաջարկում են «ծանր-կայուն» վիճակով հիվանդանոցից դուրս գրել հիվանդին, պատճառաբանելով, որ առ այս պահը հիվանդը չի բուժվել, հետեւաբար, բուժումը շարունակելն անիմաստ է: Չնայած նրան, որ հիվանդանոցում առաջարկում են՝ ոչինչ չխնայելով, փորձելով բուժումը շարունակել, սակայն հիվանդի հարազատները պնդում են՝ արագ դուրս գրել հիվանդին, կամ թողնել ամեն ինչ այսպես էլ մնա, գուցե մի հրաշքով կբուժվի: Այլ խոսքով՝ ինչ կլինի, կլինի, միեւնույն է, մենք դրական սպասելիք չունենք … Ճիշտ է, ժամանակին հիվանդի հարազատների ոչնչով չմիջամտելու պատճառով է նաեւ առաջացել նման ծայրահեղ վիճակը, սակայն իմաստ չկա շարունակել հիվանդի հետ հալվել, եթե իրենք «համոզված» են, որ միեւնույն է, հիվանդը փրկության ոչ մի շանս չունի: Ճիշտ է, իրենք պատրաստ են անգամ իրենց կյանքը դնել՝ զոհել, միեւնույն է՝ փրկության հնարավորություն չեն տեսնում:

Ցավոք սրտի, ճիշտ այսպիսին է Հայաստանի իրավիճակը եւ ժողովուրդն սպասում է երկրի փրկության ինչ-որ հրաշքի, կամ արդեն հարմարվել են ստեղծված իրավիճակի հետ՝ երկիրը հանձնել թշնամուն, քանզի «ամեն ինչ» արել են ու երկիրը փրկելու ոչ մի ճանապարհ չեն գտնում, մնում է միայն «ինքնազոհողությունը»՝ երկրի հանձնումը թուրքին, քանզի ժողովուրդը հո դավաճան չէ՞, եթե կարողանար՝ թեկուզ անհնարինն անել, անպայման «կաներ»:

Ողբերգությունն այն է, որ եղած իրավիճակը խոսում է այն մասին, որ ցանկացած հայի պարագայում, եթե իր հարազատը կամ բարեկամը հայտնվեր նման ծայրահեղ հիվանդ վիճակում, նա իր ողջ բարեկամներով ու հարազատներով, հիվանդության հենց առաջին օրից ոչինչ չէր խնայի (Աստված չաներ, մահանար) մինչեւ նրա մահանալը, սակայն հայրենիքի փրկության պարագայում, հայ ժողովրդի մեծ մասն անտարբեր է, հեռու է մնում հայրենիքի փրկությանն ուղղված քայլերից, քանզի իրենցից յուրաքանչյուրն այս պարագայում ուղղակի անձնական շահ չունի:

Հայ ժողովուրդ, փորձեք աշխատեցնել ձեր բոլոր զգայարանները, օրգանները (եթե, իհարկե, ունեք), սթափվեք եւ մեկ դարից ավելի հեռավորությունից փորձեք հիշել 1915 թ. Հայոց մեծ եղեռնը, գուցե հասկանաք, որ հայրենիքի կորուստն անվերապահորեն, նախ բոլորիդ՝ ամեն մեկիդ իրական կորուստն է, որը հիվանդության պարագայում, կարող էր նաեւ փրկության հույս թողնել որոշակի առանձին անհատների համար: Դրանով, գոնե կհասկանաք, թե ինչերի կարող է հանգեցնել հայրենիքի կորուստը:

Կեցցե «հպարտ, համարձակ, թասիբով, հայրենասեր» հայ ժողովուրդը, ով մատը մատին չի խփում եւ ջուր է լցնում իշխանության անմաքուր ջրաղացին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930