ՀԿԴ-ում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին նախորդ դատական նիստում դատարանը ապացուցման բեռի բաշխման որոշում էր ընդունել եւ ուղարկել էր կողմերին, որտեղ նշված էր, թե ով ինչ փաստ պետք է ապացուցի:
Դատախազությունը պետք է ապացուցի իր կողմից նշված բռնագանձման ենթակա գույքերը Հրայր Թովմասյանին պատկանելու փաստը, այդ գույքերի, դրանց համար համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության փաստը, որ իրենց ունեցած տեղեկություններով` Հրայր Թովմասյանը այդպիսի միջոցներ չուներ այդ գույքն ունենալու համար:
Պաշտպանական կողմը պետք է ապացուցի, որ Հրայր Թովմասյանը գույքի ձեռք բերման համար համապատասխան օրինական դրամական միջոցներ ուներ:
Կարդացեք նաև
Դատարանը նաեւ ապացույց ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանել ապրիլի 16-ի նիստը ներառյալ: Այս ընթացքում պաշտպանական կողմը Հրայր Թովմասյանի հիշողությամբ, թե 20-30 տարի առաջ, երբ ինքը դեռ պատական պաշտոն չէր զբաղեցնում, ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչ կազմակերպությունների հետ է համագործակցել՝ գրքեր է գրել, ծրագրերի է մասնակցել, փորձաքննություններ է իրականացրել եւ օրինական այլ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով բազմաթիվ հարցումներ է ուղարկել պետական եւ մասնավոր մարմիններ: Եվ այսօր դրան ուղղված ապացույցներ էր բերել դատարան եւ խնդրել դատարանին գրավոր ապացույցներն ընդունել:
Պաշտպանական կողմը այսօրվա նիստում նաեւ մի շարք անձանց վկա կանչելու, ինչպես նաեւ ապացույցների ժամկետը մեկ ամսով երկարաձգելու միջնորդություններ ներկայացրեց, որովհետեւ իրենց իսկ հիմնավորմամբ, դատախազությունը մի քանի տարվա ընթացքում է ընդդեմ Հրայր Թովմասյանի ապացույցներ հավաքել, իսկ իրենք ապացուցման բեռը բաշխելու որոշումից հետո մեկ ամիս են ունեցել իրենց ապացույցները հավաքելու եւ այլ ապացույցներ բերելու համար, ինչը բավարար չէ: Բայց նաեւ ներկայացրեց, որ Հրայր Թովմասյանի եկամուտները, ըստ էության, ձեւավորվել են մինչեւ պաշտոն զբաղեցնելը բիզնես գործունեությամբ զբաղվելու ընթացքում եւ գումարների մեծ մասը եղել է հենց բանկային հաշիվներով:
Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի պաշտպանները դատարանին ցույց տվեցին նաեւ, որ դիմել են բազմաթիվ այլ տեղեր, որտեղից դեռեւս իրենց հարցումների պատասխանները չեն ստացել, տեղեկացրին, որ պատասխանները ստանալուն պես՝ դրանք անմիջապես կուղարկեն եւ դատարանը այդ ապացույցները ուշ ներկայացնելը եւս կհամարի հարգելի եւ կընդունի:
Պաշտպանական կողմը նաեւ ապացույցների բեռի բաշխման որոշման մեջ սխալ էր տեսել մի գույքի մասով:
Դատարանը ապացույցների ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարեց մասամբ՝ սահմանելով երկշաբաթյա ժամկետ՝ նոր ապացույցներ բերելու, եթե դրա անհրաժեշտություն կառաջանա:
Դատարանը որոշեց, որ կողմերի ներկայացրած միջնորդություններին առարկայականորեն կանդրադառնա մայիսի 16-ին, ժամը 10:30-ին կայանալիք դատական նիստում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ