Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե

Ապրիլ 16,2025 20:44

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Մասնավորապես՝ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 233 մլն ՀՀ դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով, 2008 թվականի դեկտեմբերի 25-ին համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառել է այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը՝ ավագանու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը: Արդյունքում՝ ավագանու որոշմամբ հիշյալ հաստատությունը վերակազմակերպվել և միացվել է նույն համայնքի մեկ այլ մանկապարտեզի:

Պարզվել է նաև, որ Գ. Բ.-ն դրդել է Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին նշված անշարժ գույքը ավագանու որոշմամբ վարձակալությամբ տրամադրել իր հետ փոխկապակցված անձին՝ հետագայում այն փաստացի իրենը դարձնելու նպատակով: Դրանից հետո, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու նպատակով, Գ. Բ.-ն նշված անշարժ գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ 23 մլն դրամով, ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել է իր հետ փոխկապակցված անձին: Այնուհետև Գ. Բ.-ն նախնական համաձայնության է եկել վերջինիս հետ՝ նշված գույքը դարձյալ ձևական առուվաճառքի պայմանագրով 24 մլն դրամով իր հորը օտարելու վերաբերյալ, որի արդյունքում գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը: Այդ կերպ թաքցվել և խեղաթյուրվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը:

Նույն կերպ Գ. Բ.-ի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 մլրդ դրամի՝ մնացած 26 անշարժ գույքը, մի դեպքում՝ ուղղակի վաճառքի, մյուս դեպքում՝ նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով:   Արդյունքում՝ նշված ամբողջ գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը:

Գ. Բ.-ին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու համար:

Նախաքննության ընթացքում Գ. Բ.-ի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև  պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930