«Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրեաօլիգարխիկ ռեժիմի լավագույն պրոդուկտին՝ դեմքին, խորհրդանիշներից մեկին՝ Վարդան Ղուկասյանին»,-ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց․ «Էկրաններից ու ամբիոններից ձեզ բարոյականության, աստվածավախության ու թասիբի դասեր տվող տղաներն ու աղջիկները պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով։ Այսօր քրեաօլիգարխիան ցնծում է, նրանց թվում է՝ իրենք կարևոր հաղթանակ են տարել, բայց ինչպես միշտ սխալվում են ու թերագնահատում ՀՀ քաղաքացուն։ Քրեաօլիգարխիան ցնցումների մեջ է, քանի որ իր կարևորագույն ատրիբուտը՝ պետությունից գողացածը հետ բերելու մեր մեխանիզմն անխափան աշխատում է․ շաբաթական ու օրական ռեժիմով կայացվում են նրանց լափածի՝ պետությանը վերադարձնելու մասին վճիռներ։ Միլիարդները լայվ ռեժիմով վերադառնում են, հետևաբար կորչում է նրանց միակ հենարանը՝ փողը։ Մենք ձեզ տված՝ մեր խոստումը կատարելու ենք՝ մինչև վերջին լափած կոպեկը հետ ենք բերելու և քրեաօլիգարխիային ուղիղ իմաստով թողնելու ենք բոբիկ, ինչպես ժամանակին տարբեր տեղերից եկել էին»։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ քաղաքացիները հանգիստ կարող են գնալ Գյումրի և կիսաշրջազգեստ հագնել ու ասաց․ «Ի ուրախություն ձեզ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանություն է, ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը կսանձվեն պետության ողջ լծակներով»։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց․ «Ավելի ասեմ՝ Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչներ, կարող եք հանգիստ գնալ զուգարան՝ նույն պատճառով էլի, որովհետև գիտեք․․․»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Բարեկամաբար ուզում եմ մի բան ասել՝ որպես Ռուբինյան ազգանունը կրող։ Ես Ձեր փոխարեն այսօր այս ամբիոնից ելույթ չէի ունենա, Դաշնակցության դեմ ծամծմված ինչ-որ թեղեր առաջ չէի բերի։ Ընկերական եմ ասում՝ գետինը կմտնեի։ Այսօր այս դահլիճում նստած մարդը (նկատի ունի Ն․ Փ․-ին,-հեղ․) Ադրբեջանի պահանջով հողին հավասարեցրեց Ձեր հայրիկի՝ ինձ համար հարգելի Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Հայաստանի անկախության հռչակագիրը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ