Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո′ն Թունյան, մի գեղեցիկ շոգ, ամառային օր կգնանք գարեջուր խմելու»․ Հովիկ Աղազարյան

Ապրիլ 16,2025 20:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վունդերկինդները ձեր շարքերում են։ Ուսանողական նստարանից տանում, նախարարի տեղակալ ու տարբեր պաշտոնների էիք նշանակում։ Կրթվել պետք է, բայց բաներ կան, որ փոքր տարիքում են սովորեցնում»,-ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հնչեցված ելույթները՝ Գեղամ Մանուկյանն ասաց՝ տպավորությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ոչ մեկ իր տեղում չէ․ սանտեխնիկն իր տեղում չէ, տաքսիստը իր տեղում չէ, ուսուցիչն իր տեղում չէ, բա ինչի՞ պետք է ինքն իր տեղում լինի․ «Մեկ էլ պարզվում է՝ Նիկոլը հայտնի լրագրող էր, ու պռավեն տվել են՝ ի հարգանս, թե պռոստո ասել են՝ շառից, փորձանքից հեռու»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած ելույթին՝  պատգամավորն ասաց․«Նիկոլ Փաշինյանի ելույթում հիմնականում թալանի մոդելն էր․ համաձայն եմ, մինչև վերջին կոպեկը պիտի ետ բերել, որովհետև թալանվել է մեր ծնողներից, մեր տատերից ու պապերից և այլն։ Բայց գիտեք՝ ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ է գալու մի օր, որ մեկ էլ շուռ գան, ասեն՝ լավ նրանք թալանել են, հանցագործ էին, բա խի՞ է իմ շրջապատում նույնը կատարվում»։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ անդրադարձավ տնտեսական աճի մասին իշխանության ներկայացուցիչների ներկայացրած ցուցանիշներին ու դիմելով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ ասաց․ «Պարո′ն Թունյան, ես վեց տարուց ավել աշխատել եմ Ձեր ղեկավարած հանձնաժողովում, շատ բան եմ սովորել հատկապես Ձեզնից։ Այնպես որ՝ մի բակալավրիատի մակարդակ արդեն ունեմ շնորհիվ Ձեզ։ Հիմա չենք շփվում, կշփվենք երևի որոշ ժամանակ հետո և մի գեղեցիկ շոգ, ամառային օր կգնանք գարեջուր խմելու։ Ես գարեջուրը սիրում եմ շշով խմել․ կլկլոցը շատ է դուր գալիս, բայց այդ անգամ գավաթներով կխմենք։ Ես կխնդրեմ գարեջուր վաճառողին՝ Ձեր գավաթի կեսը լցնի մաքուր գարեջուր, մնացածը՝ փրփուր, իմ գավաթի երկու երրորդը մաքուր գարեջուր ու մի քիչ փրփուր, էնպես, որ վիզուալ իմը կլինի Ձեզնից քիչ։

Բայց, կներեք քյար բառի համար, ո՞ւմ քյարն է մեծ լինելու կայֆ ստանալու իմաստով․ իմը, որովհետև ինձ մոտ գարեջուրն ավելի շատ է, և յոթ-ութերորդ դասարանի խնդիր է, որ եթե երկու գավաթից սպիրտ թորենք, ապա իմ գավաթից ավելի շատ սպիրտ կառաջանա, քան Ձեր։ Երբ ասում եք՝ 5,9 տոկոս տնտեսական աճ, անպայման դա պետք է կապեք ՀՆԱ-հարկեր հարաբերության հետ։ 2023-ին ՀՆԱ-հարկեր հարաբերությունը եղել է 24 տոկոս։ Ի՞նչ է նշանակում 24,1 տոկոս։ Եթե ՀՀ-ում արտադրվել է 100 դոլարի արտադրանք համախառն, ապա դրանից 24 դոլարը պետության «քյարն» է՝ կոպիտ ասած։ 2024-ին արդեն, որ ասում եք 2023-ի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 5,9 տոկոսով, ՀՆԱ- հարկեր հարաբերությունը եղել է 23,6 տոկոս․ իջել է ՀՆԱ- հարկեր հարաբերությունը․ փրփուրը շատացել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930