Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր իսկական լիդերը երկու բառի մեջ երեք-չորս տառասխալ էր անում, դա է ձեր կրթությունը»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Ապրիլ 16,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Համոզված եմ՝ ի թիվս այլ կարևոր բաների, այս կառավարության և այս քաղաքական մեծամասնության կարևորագույն տարբերություններից մեկն այն է, որ այսօրվա իշխանությունն ունի ինքնահայեցման ունակություն, և վարչապետը կարող է կառավարության նիստում կամ ԱԺ-ում խոսել նաև մեր չիմացության մասին։ Օրինակ՝ դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ։  Հովիկ Աբրահամյանը ձեր վարչապետը չէ՞ր։

Կամ ձեր իսկական լիդերը երկու բառի մեջ երեք-չորս տառասխալ էր անում, դա է ձեր կրթությունը, եկել, խոսում եք կրթության ու տգիտության մասին»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց և Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած քննադատություններին։

ՔՊ խմբակցության ղեկավարը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, ասաց․ «Դուք չգիտեք ձեր սեփական տգիտության մասին, և դա է ամենախորը տգիտությունը։ Որ գալիս, ստեղ հրճվում եք, ասեմ, որ մենք կարող ենք կանգնել ու ասել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, քանի որ մենք մեր չիմացությունն իմանալու համար կատարյալ խելք ունենք։ Բայց դուք կատարյալ կրթվելու տեղ չունեք, քանի որ դուք ի սկզբանե քաղաքական ժիգուլի եք, քաղաքական դինոզավր, որի մասին բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ասելու»։

Դիմելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, Հայկ Կոնջորյանն ասաց․ «Մի քիչ համեստ եղեք, տիկին Կյուրեղյան ու մյուս գործընկերներ։ Գոնե գիտելիքի, տգիտության ու իմացության պակասի մասին մի քիչ զգուշությամբ խոսեք։ Մեկ էլ ազգասիրության մասին»։

Արթուր Խաչատրյանի հայտարարությունների առիթով էլ ասաց․ «Ապօրինի գույքի բռնագանձման մասով միայն այս պահին կա դատախազության կողմից առկա 147 հայցադիմում, որով պահանջվում է 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն, և ընդհանուր հայցագինը 608 միլիարդ դրամ է՝ մեկուկես միլիարդ դոլար։ Սա դեռ այս պահին եղած հայցադիմումի մասին է»։

Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների՝ Գյումրիում ընտրությունների մասին արված հայտարարություններին՝ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Ասում եք՝ դուք Գյումրիում պարտվեցիք, ով էլ խոսի հաղթանակից ու պարտությունից, գոնե դուք մի խոսեք։ Բա դուք՝ որպես Դաշնակցություն կամ «Հայաստան» դաշինք ո՞ւր էիք, ձեր դեմքով՝ որպես քաղաքական երկու խմբակցություններ և քաղաքական ուժեր դուք քաղաքական ասելիք չունե՞ք, քաղաքական հայտ չե՞ք ներկայացնում, թե՝ ամաչել եք ձեր դեմքով ներկայանալ, որովհետև գիտեք, որ շրիշակից ցածր է ձեր վարկանիշը․ մարդիկ ձեզ ձայն չեն տալու, դրա համար տարբեր դեմքերով փորձում եք Գյումրիում ռեինկարնացիա ապահովել։ Ուզում եմ արձանագրել, որ ՔՊ-ն ՀՀ տարբեր քաղաքներում հաղթում է ընտրություններում և պարտվում, սա գործընթաց է, որովհետև ՔՊ-ն քաղաքական կուսակցություն է, բա դո՞ւք ինչ եք։ Գնացեք, դուք էլ մասնակցեք, մի տեղ հաղթեք, մի տեղ պարտվեք, հետևություններ արեք, մի տեղ նայեք, ասեք՝ մենք ի՞նչը սխալ արեցինք։ Դուք դա չեք կարող անել, քանի որ դուք ի սկզբանե արդեն կատարյալ ժիգուլի եք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930