Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր նվագախմբի երաժիշտներն, իսկապես բարձրակարգ են, բարձրարվեստ». Էքարտ Պրոյը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին

Ապրիլ 16,2025 17:18

Համաշխարհային դասական երաժշտության երկերից կան ստեղծագործություններ, որոնց նույնիսկ հաճախակի անդրադարձը նվագախմբերի կողմից լեփ-լեցուն դահլիճներ է ապահովում, մանավանդ, երբ դրանց մեկնաբանը առաջին անգամ է ներկայանում մեր հանդիսատեսին: Բացառություն չէր նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հերթական համերգը, որի ընթացքում հնչեցին Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 և Մենդելսոնի թիվ 3 (Շոտլանդական) երկերը: Դիրիժորական վահանակի մոտ էր գերմանացի Էքարտ Պրոյը և իտալացի դաշնակահար Լորենցո Դի Բելլան: Համերգը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև մեկ փաստով. մաեստրո Պրոյը, պատկերավոր ասած` ուսանել է արևմտյան հեղինակավոր բոլոր երաժշտական համալսարաններում:

 

Սիմֆոնիայի կատարումն իսկապես, տպավորիչ էր. Մենդելսոնին բնորոշ մեղեդիների արտահայտչականությունն ու գործիքավորման պայծառությունը նվագախումբը հնչեցրեց, կարճ ասած, մեկին-մեկ: Իսկ բեթհովենյան կոնցերտը, որը հայտնի է հարուստ թեմատիկայով, շեշտակի, առնական, շեփորային դարձվածքներով ու զարգացման հնարքներով մատուցվեց հետաքրքիր փոխհարաբերություններով` մենանվագ դաշնամուրի և նվագախմբի նվագաբաժինների:

 

Երեկոյի ավարտին զրուցեցինք Էքարտ Պրոյի հետ:

-Մաեստրո, նախ ընդունեք մեր շնորհավորանքները նույնպես: Իսկապես, ստեղծագործությունների ձեր մեկնաբանությունը հիանալի էր: Մեզ մեկ հարց է հետաքրքրում` ուսանել եք մի շարք համալսարաններում, հարցազրույցների ժամանակ էլ հաճախ հնչեցրել հետևյալ միտքը` ես մինչ օրս էլ սովորում եմ: Բայց նշենք, որ ուսանելը թանկ հաճույք է, այն էլ աշխարհի հեղինակավոր հաստատություններում: Գուցե ապահովված ընտանիքում եք ծնվել, կամ ձեր ծնողները որոշակի զրկանքների գնով հոգացել են իրենց որդու ուսման ֆինանսական կողմը:

-Մեծահարուստի ընտանիքում չեմ ծնվել, ծնողներիս էլ ուսման հետ կապված ֆինանսական նեղություն չեմ տվել: Դրանք մշտապես հոգացել են տարբեր հասարակական կազմակերպություններ: Ուսումնառությանս երկար տարիները հնարավոր են դարձել Հերբերտ ֆոն Կարայանի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամների, կրթաթոշակների և Ֆրանսիայի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ: Գերմանիայում, Փարիզի, ԱՄՆ-ի և այլ երկրների կոնսերվատորիաներում, որտեղ ուսումը բնականաբար տարբերվում էր հենց դպրոցներով, ունեցել եմ այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք են Հարոլդ Ֆարբերմանը, Ժան-Սեբաստիան Բերոյը և այլն:

Այստեղ Երևանում էլ սովորեցի, ավելի ճիշտ, գուցե կյանքում առաջին անգամ զարմացա: Ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր երաժիշտները հայ են, ինչը չտեսնված բան է, համոզված եմ ոչ միայն ինձ համար: Սա խոսում է հայերի դասական երաժշտարվեստի բարձր կրթական մակարդակի մասին: Այո, սա անհավանական բան է, գալիք հյուրախաղերիս ժամանակ այս փաստով կզարմացնեմ այլ երկրների գործընկերներիս նույնպես: Ձեր նվագախմբի երաժիշտներն, իսկապես բարձրակարգ են, բարձրարվեստ: Հանդիսատեսի մասին էլ չխոսեմ, բառապաշարս չի հերիքի (ժպտում է), դասական երաժշտության գիտակ ունկնդիր ունեք:

– Միաժամանակ մի քանի նվագախմբի գեղարվեստական ղեկավար եք:

– 15 տարի ապրում և աշխատում եմ Կալիֆոռնիայում, վարելով Պորտլենդի, Լոնգ Բիչի սիմֆոնիկ նվագախմբերի և Ցինցինատիի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Եթե հետաքրքիր է` նշեմ, որ այս նվագախմբերի հյուրախաղային գրաֆիկները խիտ են, շատ ենք շրջագայում, հանդես գալիս հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում` Քարնեգի հոլլում: Մեզ հետ էլ հանդես են գալիս համբավավոր շատ մենակատարներ, օրինակ` Սարա Չանգին, Վլադիմիր Ֆելցմանը, Լուի Լորթին, Ռիչարդ Շտոլցմանը, Ժան-Ֆիլիպ Քոլարին, Աննե Ակիկո Մեյերսին և մյուսները:

– Կթվարկե՞ք Ձեր ղեկավարած մեկ-երկու նվագախմբերի անունները նույնպես:

-Իհարկե, Չիլլիի, Երուսաղեմի, Բոգոտայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Մեքսիկայի, թվարկումը երկար կտևի: Այս երկրների թիվը համալրեց նաև Հայաստանը:

 

– Ձեր թույլտվությամբ՝ վերադառնանք երաժշտության ուսումնառությանը, ինչը պետք է միանշանակ սկսել դպրոցից, կամ գուցե ավելի վաղ:

– Իհարկե, փոքր հասակից: Բայց պատասխանեմ իմ օրինակով: 6-7 տարեկան էի, երբ սկսեցի հաճախել բավականին ճանաչված, ոչ միայն Գերմանիայում, Dresdner Kreuzchor տղաների երգչախումբ, որը անգնահատելի դպրոց էր: Երեխան կարող է սովորել տարբեր երաժշտական գործիքներ, բայց դրան զուգահեռ հաճախել երգչախմբի, որն աննկարագրելի, երաժշտականորեն և ընդհանուր զարգացմանը նպաստող, ես կասեի անփոխարինելի մի դասընթաց է:

–        Եվ վերջին հարցը: Դիրիժորը, ըստ էության, համերգի պատասխանատուն է: Նույնիսկ մի փոքր, թեկուզև աննկատ սայթաքումը վերագրվում է նրան: Ձեր դեպքում` համերգի մենակատարի հետ առաջին անգամ բեմ դուրս գալը, ընդամենը 2-3 փորձից հետո, համոզված ենք՝ ռիսկային է:

-Նման բան կա: Բայց օրինակ, հյուրախաղերի ժամանակ մինչ պայմանագիր կնքելը՝ համաձայնում ես, կամ ոչ: Երևանյան համերգին, այո, առաջին անգամ կայացավ Լորենցոյի հետ մեր համագործակցությունը: Մեծ հաշվով, համաշխարհային երաժշտական մեծ ընտանիքում մեկս-մյուսին ճանաչում ենք, շատ լավ գիտենք, նույնիսկ եթե երբևէ չենք էլ հանդիպել: Իսկ Լորենցոն իր գործի վարպետն է: Ելույթներ է ունեցել Ֆլորենցիայի, Միլանի, Սան-Ռեմոյի և այլ նշանավոր նվագախմբերի հետ, դիրիժորներ Կիրիլ Կարաբիցի, Վասիլիս Քրիստոպուլոսի, Զայնհարդ Զեեհաֆերի, Յորգե Իվերի, Զբինեկ Մյուլլերի և մյուսների հետ, որոնցից շատերին եմ ճանաչում: Այսօր նա հանդիսանում է Իտալիայի Ռեկենատի քաղաքի «Accademia Pianistica delle Marche»-ի գեղարվեստական ղեկավարը, ինչն արդեն խոսուն փաստ է, այն էլ մշակույթով հարուստ նման երկրի:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Էքարտ Պրոյը, Լորենցո Դի Բելլան երևանյան համերգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930