«Ուզում եմ Գյումրիի ու Փարաքարի մեր համերկրացիներին շնորհավորել իրենց կամքը դրսեւորելու եւ թելադրելու, դրանով մի քանի հարց լուծելու համար: Առաջինը՝ ի ցույց դրվեց, որ գաղափարական պայքարի պարագայում կարելի է այս ազգակործան խմբակից ձերբազատվել, եւ այն գործիքակազմը, որ օգտագործել էին վախի, շանտաժի, ճնշումների, վարչական լծակների միջոցով, բացարձակապես ազդեցություն չի կարող ունենալ, եթե գաղափարային թեզերը ճիշտ են ու համապատասխան աշխատանք է տարվում բնակչության շրջանում՝ քվեարկությանը պարտադիր մասնակցելու համար»,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Գյումրիի ու Փարաքարի ընտրություններում ընդդիմության հաղթանակին:
Ինչ վերաբերվում է վերջին զարգացումներին, Ձյունիկ Աղաջանյանը նշեց. «Հետաքրքրիր էին այն սառը պատկերները, որ տեսանք ողջունելու նկարներից, տեսագրություններից՝ թե՛ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողի՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը, թե Բայրամովի հետ հանդիպմանը: Ես ակամա հիշեցի նրանց այն ջերմ ժպիտով, գրեթե ողջագուրվող հանդիպումները, որ այս իշխանության ներկայացուցիչներն իրականացնում էին: Մենք դեռեւս այն ժամանակ էինք զգուշացնում, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը պայմանագրաունակ երկրներ չեն, նրանք ուղղակի խաբեությամբ քաղում են ամեն ինչ՝ առանց դիմացը զիջելու որեւէ բան:
Այն հանգամանքները, որոնցով կերակրվել է այս իշխանությունը՝ համաձայնելով Արցախը հանձնել Ադրբեջանին՝ հանուն ինչ-որ տնտեսական ծրագրերի, բարիքների, որոնցով արեւմտյան կենտրոնները իրենց փայփայել, գուրգուրել են, համոզել, որպեսզի գնան այդ քայլերին, այլեւս չկան, չկան նախկին գուրգուրանքները, իսկ այս իշխանությունները շատ լավ գիտակցում են իրենց կործանարար քայլերի հետեւանքները եւ դրա խոստացած արդյունքների գոյություն չունենալը:
Ցավոք, այս իշխանությունները իրենց սխալ քայլերով թե իրենց են թակարդի մեջ դրել, թե պետությանն ու ժողովրդին: Եվ այդ թակարդից դուրս գալու միակ հնարավորությունն իրենց հեռանալն է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ