Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 2,2 միլիարդ դոլար, երբ Հարվարդը մերժել է նրա պահանջները

Ապրիլ 16,2025 15:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 2.2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհներ և պայմանագրեր, երբ Հարվարդի համալսարանը հրաժարվել է աշխատանքի ընդունման, ընդունելության և DEI (Բազմազանություն, հավասարություն և ներառում) ծրագրերում կատարել փոփոխություններ, որոնք պահանջվել են դաշնային կառավարության կողմից: Այս մասին հայտնում է Npr-ը՝ ԱՄՆ ազգային հանրային ռադիոն:

Ավելի վաղ՝ Ալան Գարբերը՝ Հարվարդի նախագահը, դասախոսներին և ուսանողներին ուղղված նամակում հայտարարել է, որ համալսարանը չի ենթարկվի անցյալ ուրբաթ ներկայացված պահանջներին։ Դրանց թվում են DEI ծրագրերի վերացումը, «ահաբեկչությանը կամ հակասեմականությանը աջակցող» միջազգային ուսանողների ստուգումը և աշխատանքի ընդունելիս «տեսակետների բազմազանության» ապահովումը։ Կառավարության հայտարարության համաձայն՝ վտանգի տակ էր շուրջ 9 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը։

«Ոչ մի կառավարություն, անկախ նրանից, թե ո՛ր կուսակցությունն է իշխանության գլուխ, չպետք է թելադրի, թե ինչ կարող են սովորեցնել մասնավոր համալսարանները, ում կարող են ընդունել և վարձել, և թե ուսումնասիրության ո՛ր ոլորտները կարող են զարգացնել», – գրել է Գարբերը։

Հարվարդի իրավաբանների կողմից վարչակազմի պահանջների պաշտոնական մերժումից ժամեր անց՝ ԱՄՆ կառավարության Հակասեմականության դեմ պայքարի համատեղ աշխատանքային խումբը պատասխանել է.

«Հարվարդի այսօրվա հայտարարությունը ամրապնդում է մտահոգիչ իրավասության մտածելակերպը, որը տարածված է մեր երկրի առավել հեղինակավոր համալսարաններում և քոլեջներում, որ դաշնային ներդրումները չեն ենթադրում քաղաքացիական իրավունքների օրենքները պահպանելու պատասխանատվություն»։

Նշվում է Հարվարդի համար նախատեսված 2.2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհների և լրացուցիչ 60 միլիոն դոլարի բազմամյա պայմանագրերի սառեցման մասին։

«Վերջին տարիներին կրթական գործընթացի խաթարումը, որը համակել է համալսարանական ավաններ, անընդունելի է։ Ժամանակն է, որ էլիտար համալսարանները լրջորեն վերաբերվեն խնդրին և պարտավորվեն իմաստալից փոփոխություններ կատարել, եթե ցանկանում են շարունակել հարկատուների աջակցությունը ստանալ», – ասվում է հայտարարությունում։

Ի պատասխան հարցման՝ Հարվարդի խոսնակը հղում է արել Ալան Գարբերի նամակին, որում նշվում է. «Այժմ կառավարության նահանջը այս գործընկերություններից վտանգում է ոչ միայն միլիոնավոր անհատների առողջությունն ու բարեկեցությունը, այլև մեր ազգի տնտեսական անվտանգությունն ու կենսունակությունը»։

Բազմաթիվ համալսարաններից մեկը՝ հարձակման տակ

Թրամփի վարչակազմը թիրախավորում է խոշոր համալսարանները՝ քաղաքացիական իրավունքների օրենքների ենթադրյալ խախտումների համար՝ երկրով մեկ DEI ծրագրերը վերացնելու ջանքերի շրջանակում. նշվում է Npr-ի հոդվածում։ Կոլումբիայի համալսարանի տարածքում պաղեստինամետ բողոքի ցույցերի տարվա արդյունքում վարչակազմը կրճատեց հաստատության համար նախատեսված 400 միլիոն դոլարի դաշնային միջոցները։ Սառեցվել է նաև մոտ 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում Քորնելի համալսարանի համար և մոտ 790 միլիոն դոլար Հյուսիսարևմտյան համալսարանի համար։

Համալսարանների ղեկավարները NPR-ին հայտնել են, որ դաշնային կառավարության պահանջներին դիմակայելն աշխատանքային դժվարություն է ստեղծել՝ միաժամանակ փորձելով կենտրոնանալ իրենց ուսանողների բարեկեցության և կրթության վրա։

Մարտին դաշնային կառավարությունը հայտարարել էր, որ բազմագերատեսչական աշխատանքային խումբը «համապարփակ վերանայում» է իրականացնում Հարվարդին ուղղված 9 միլիարդ դոլարի դաշնային պայմանագրերի և «բազմամյա դրամաշնորհային պարտավորությունների» վերաբերյալ։

«Հարվարդի ձախողումը՝ պաշտպանելու համալսարանական ավանում ուսանողներին հակասեմական խտրականությունից, միաժամանակ խթանելով բաժանարար գաղափարախոսություններ ազատ հետազոտության փոխարեն, լրջորեն վտանգել է նրա հեղինակությունը: Հարվարդը կարող է ուղղել այս սխալները և վերականգնել իրեն որպես ակադեմիական գերազանցության և ճշմարտության որոնման նվիրված համալսարանական ավան, որտեղ բոլոր ուսանողները իրենց ապահով են զգում», – գրել է ԱՄՆ կրթության նախարար Լինդա ՄակՄահոնը։

Կառավարության պահանջները մերժող նամակում Հարվարդի իրավաբանները նկարագրել են քայլերը, որոնք համալսարանը ձեռնարկել է վերջին 15 ամիսների ընթացքում՝ իր տարածքում հակասեմականության հարցը լուծելու համար, ներառյալ «համալսարանի քաղաքականությունը խախտողների նկատմամբ իմաստալից կարգապահական միջոցների կիրառումը» և նման ծրագրերին աջակցելու համար աշխատակազմ վարձելը։

Հարվարդի իրավաբանները գրել են, որ պահանջվող փոփոխությունները խախտում են համալսարանի՝ ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ նախատեսված իրավունքները և գերազանցում քաղաքացիական իրավունքների օրենքները կիրարկելու՝ կառավարության իրավասությունների օրինական սահմանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930