Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում». Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 16,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
02:44
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից, որն առաջին տարում իրականացվել է փորձնական կարգով և հասանելի է եղել կոնկրետ առարկաների և կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2024 թվականին էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել․ քննական որոշ կենտրոններում  առաջացած համացանցի հասանելիության և տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:

«Էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման հաջողությամբ իրականացված գործընթացը ցույց տվեց, որ ուսուցիչների համար էլեկտրոնային տարբերակն  ավելի դյուրին է: Նախկինում նրանք ստիպված էին լինում ժամանակ տրամադրել առաջադրանքների պատասխանների թղթային ձևաթղթում գրանցելու համար: Նշումներ կատարելու ժամանակ նաև տեխնիկական վիպակներ էին թույլ տալիս, ինչը ևս իր ազդեցությունն էր ունենում արդյունքի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել՝ այժմ ուսուցիչները հնարավորություն ունեն տեղում պատասխանելու հարցերին և ավարտելուց անմիջապես հետո իմանալու արդյունքը: Նախարարը նաև նշել է, որ մինչև ատեստավորումն էլեկտրոնային ձևաչափով ուսուցիչներին տրամադրվել էր առաջադրանքների փորձնական տարբերակը, որպեսզի նախապես կարողանան ծանոթանալ համակարգին և փորձարկել այն:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հավաքագրվել են ուսուցիչների՝ էլեկտրոնային համակարգն առավել դյուրին դարձնելու վերաբերյալ դիտարկումները.

«Այժմ նաև շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխության նախագիծը, որով լրամշակվում են որոշակի ընթացակարգեր՝ գործընթացի առավել արդյունավետ իրականացման նպատակով»:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչական համակազմի 20 %-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձրացված վարձատրություն է ստանում:

«Վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է: Այս տարի, կարծում եմ, կունենանք շատ ավելի մեծ մասնակցություն: Վստահ եմ՝ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառու»,- եզրափակել է նախարարը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930