Լրահոս
Օրվա լրահոսը

«1-ին դասարանում 7 տարի մնացած տգետները» եկել են Ազգային ժողով՝ հաշվետվություն տալու. պատգամավորը հեգնեց նախարարներին

Ապրիլ 16,2025 14:25

«ՀՀ կառավարությունն, իրենց ղեկավարի բնորոշմամբ եւ խոստովանությամբ` «1-ին դասարանում 7 տարի մնացած» տգետները եկել են Ազգային ժողով՝ հաշվետվություն տալու, թե ինչ են արել 2024-ին, ինչպես են այդ աշխատանքները մոտեցնում մինչեւ 2026 թվականը կառավարության ծրագրով ՔՊ-ի տված խոստումներին: Թեեւ կառավարության անդամներից եւ ոչ մեկը չհակադարձեց այդ բնորոշմանը , չասաց՝ առնվազն ինքը տգետ չէ: Ես, այնուամենայնիվ, համաձայն չեմ այդ բնորոշմանը: Համոզված եմ, որ նախարարներից շատերը ոչ միայն տգետ չեն, այլ շատ լավ էլ գիտեն՝ ինչ են անում, լավ էլ կարողանում են իրենց առջեւ դրված խնդիրը՝ երկիրը կործանման տանելու ծրագիրն իրականացնելու քայլերը: Իրենց փոխարեն ես եմ ասում՝ իրենք այդքան մեծարգո, մեծարգո, իրենց՝ տգե՞տ »,- այսօր ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը :

Պատգամավորը նկատեց, որ իշխանությունները Փարաքարի ու Գյումրու ընտրություններից հետո համոզվեցին, որ հանրությունն իրենց հանդեպ ցածր վստահություն ունի, որ ամենաուշը 2026-ին իրենք իշխանություն չեն լինելու. «Ինչպես խմած ժամանակ ասաց Վիլեն Գաբրիելյանը: Հայտնի է՝ ճիշտ խոսքը խմածի լեզվի ծայրին է: Նրանք շատ լավ հասկանում են, որ հեռու չէ պատասխանատվության պահը, իհարկե, նախընտրելի է տգետի կարգավիճակը, քան մտածված ծրագրով երկիրը կործանման տանողի, կապիտուլյանտի, դավաճանի կարգավիճակը: «Խեղճ հարիֆն ի՞նչ անի»-ն փոխվեց «խեղճ տգետն ի՞նչ անի»-ով»:

Պատգամավորը շեշտեց, որ Փաշինյանի հայտնի արտահայտությունը պատասխանատվությունից խուսափելու հիմքեր ստեղծելու փորձ է:

Տիկին Կյուրեղյանը իր ելույթը ավարտեց Սողոմոն Թեհլերյանի խոսքերով. «Երբ վախկոտները դառնում են հերոսներ, իսկ հերոսները մոռացվում են, այդ ժամանակ աշխարհում տիրում է անբարոյականությունը: Մի՛ հերոսացրեք նրան, ով անգամ չգիտի՝ ինչ է հայրենիքը»:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հեգնեց՝ լավ է 004 շրջաբերականից մեջբերում չարեցիք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930