Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանն իր ռազմական ծախսերը հասցրել է տարեկան 5 միլիարդի. քաղաքագետ

Ապրիլ 16,2025 14:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաշինյանն, ըստ էության, նույն բանը կրկնեց, որ չեն շեղվելու խաղաղության ուղուց, շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ, այսինքն` իրենց դիրքերը չեն փոխում: Բայց այդպիսով բանակցություններում միշտ խնդիր է լինում:

Եթե մենք հիշում ենք՝ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ 2018թ հայտնաբերեց, որ բանակցությունները փակուղու մեջ են, բայց հիմա էլ են դրանք փակուղում, սակայն սա շատ վտանգավոր փակուղի է, որովհետեւ այդ փակուղին առաջին հերթին նշանակում է, որ ադրբեջանական եւ թուրքական կողմերը չեն հրաժարվելու իրենց օրակարգից»,-«Հայելի» ակումբում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը:

«Ադրբեջանը եւ Թուրքիան տեսնում են, որ Հայաստանի ներսի քաղաքական հարցերի համար Փաշինյանին շատ կարեւոր է ստանալ ինչ-որ մի փաստաթուղթ, որը նա կարող է բնակչությանը վաճառել իբրեւ խաղաղության ապացույց ու ասել, որ իբր ապահովել է խաղաղություն: Քանի որ գնում ենք դեպի 2026թ ընտրություններ, նախապատրաստական աշխատանքներ են արվում: Այդ ամենը հասկանալով՝ ադրբեջանական կողմը ավելի թանկ գնով է ուզում վաճառել այդ փաստաթուղթը Փաշինյանին: Դա նշանակում է, որ իրենք պահանջելու են նոր զիջումներ, փորձելու են ստանալ այն ամենը, ինչի մասին այլ պարագայում եւ այլ խաղացողի հետ հնարավոր էլ չէր լինի նույնիսկ մտածել…

Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանն իր ռազմական ծախսերը հասցրել է տարեկան 5 միլիարդի: Սա խոսում է նրա մասին, որ դու տանում ես մի գիծ, որը քեզ ժամանակին պարտադրել էին Վաշինգտոնից, թե Բրյուսելից, դու էլ ընտրել ես ֆարվատեր, չես ուզում նորից նայել խաղին, շեղվել, ի վիճակի էլ չես այլ բան անել: Իսկ այդ ձեւաչափերում քեզ սպասվում է միայն ճնշում, որպեսզի ստանան ավելին, եթե չես կարող հանրայնացնել զիջումները, կպայմանավորվեն փակ ֆորմատներով, որոնց մասին բնակչությունը կիմանա ապագայում՝ ուշացումով կամ նույնիսկ կարող է չիմանալ էլ, որ դրա մասին կողմերը պայմանավորվել են, բայց զիջումները տեղի ունենան»,-հավելեց քաղաքագետը:

Ինչ վերաբերվում է Մինսկի խմբից հրաժարվելու մասին իշխանությունների խոսույթին, այս մասին էլ Արթուր Մարտիրոսյանը նշեց. «Դա նշանակում է, որ դու էլ Ալիեւի նման համարում ես, որ Արցախի հարցը լուծված է, փակ է եւ այդտեղ վերջակետ է պետք դնել: Դա Ալիեւի ցանկությունն է, դու անում ես այն, ինչ քեզ պարտադրում են: Այս հարցը թաքցնել չի լինի, որովհետեւ հանրային դաշտում է, բայց թե ինչ զիջումների կգնա Փաշինյանի թիմը, մենք կարող է նույնիսկ չիմանալ: Եվ սա է ամենամեծ վտանգը: Որքան էլ խոսվում է ժողովրդավարության մասին, արտաքին քաղաքականությունը թափանցիկ չէ, իրենք որոշումներ են ընդունում, որոնք հակասում են հայկական, ազգային շահերին; Իրենք էլ զբաղված են նրանով, որ ձեւափոխում են ոչ միայն ազգային շահերի ընկալումը, այլեւ փորձում են ձեւափոխել հայկական ինքնության հիմքերը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930