«Որոշ անհատների արձագանքներին հատ առ հատ անդրադառնալ չեմ ցանկանում մի շատ պարզ տրամաբանությամբ՝ շարունակելով նախագահի ալեգորիան․ ես զռռոցներին չեմ անդրադառնում և չեմ մեկնաբանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առիթով ՔՊ-ականների արձագանքներին։
Նա շեշտեց՝ ՀՀԿ-ի համար առաջնային պայքարը իշխանափոխության իրականացումն է․ «ՔՊ-ի նոր քարոզչական գծի տրամաբանությունն այն է, որ ՀՀ-ին բազմաթիվ անգամներ փորձել են ներքաշել պատերազմի մեջ․ վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը։ Եթե Սյունիքի կամ Գեղարքունիքի վրա հարձակվեն, գալու են ստեղ՝ էլի խրոխտ նույն բանն ասե՞ն։ Հարցին՝ ինչո՞ւ չի արձագանքում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկներին, պատասխանում են՝ դե, Ադրբեջանն անակնկալի է եկել ՀՀ-ի համաձայնությունից։ Տենց լավ չի, Սևանը հանձնեք, ավելի շատ անակնկալի կգան։ Անակնկալի ուրիշ ձև են բերում Ադրբեջանին, բայց իրենք ունակ չեն»։
Փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանը սահմանին կրակում է հայ ժողովրդին վախեցնելու համար կամ ադրբեջանցի զինվորների անկարգության արդյունք է, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Այս ժողովրդին վախեցնողն առաջինը Փաշինյանն է, որը շրջում էր Տավուշի մարզի գյուղերով և մեր հայրենակիցներին վախեցնում պատերազմով։ Ես երբեք չեմ դադարի զարմանալ ՔՊ-ականների՝ Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» լինելու ունակություններով։ Այն հայտարարությունները, որոնք սովորաբար Ադրբեջանն է տարածում, ՔՊ-ականները՝ նաև ՊՆ-ն վերջին շրջանում, Ադրբեջանի փոխարեն արդարացնում են»։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք» և ընդդիմության համերաշխության մասին հարցը։ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք որոշել են էդ էշը բերել, մեր կուսակցության դռանը կապել, չի հաջողվելու, ու այդ մարդկանց հետ ի՞նչ համերաշխություն անել։ Մարդիկ, որոնք լկտիաբար Նիկոլ Փաշինյանին գովեստի են արժանացրել, ուրախացել են, հիմա էդ մարդկանց հետ կապված հա՞րց եք տալիս։ Իսկ ՀՀԿ-ն համերաշխություն միշտ ցույց է տվել բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես իշխանափոխություն են ցանկանում, այլ ոչ թե մանր սեփական խնդիրների լուծման համար»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չպիտի կատարվի Անկախության հռչակագրին, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Բացի նրանից, որ դա ակնհայտ Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանն անգամ այնքան հնարավորություն չունի նույնիսկ խնդրելու, որ բացահայտ մի պահանջեք, որ կարողանամ իմ ժողովրդին խաբել։ Եթե վերադառնանք դրդապատճառներին՝ ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև Փաշինյանի մոլուցքը հերոսանալու։ Ինքը որոշել է, որ պատմության դասագրքերի մեջ պիտի մտնի, ուզում եմ ասել՝ թող չանհանգստանա, ինքն արդեն որպես դավաճան, կապիտուլյանտ պատմության մեջ մտել է․ էլ վիզ մի դիր, հերիք է»։
Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ իմպիչմենտն առանց փողոցային պայքարի ընդամենը բառ է․ «ՀՀԿ-ն համարել է ու համարում է, որ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր իրատեսական միջոցները պետք է օգտագործվեն։ Մենք 2026-ի ընտրություններով չենք ապրում, մեր նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է»։
Հարցին «Հայաստան» խմբակցությունը համաձա՞յն է իմպիչմենտին, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Այդ հարցը պետք է տալ «Հայաստան» խմբակցությանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ