«Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այս Անկախության հռչակագրի ոգով է կերտվել մեր պետությունը, դրա ոգով են արձանագրվել մեր բոլոր հաջողությունները։ Այս հանրապետության հիմնական ձախողումը, որը եղել է, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալն է եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին՝ Արթուր Խաչատրյանը պնդեց․ «Դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է, և Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, ինչպես գնացել է 2020-ի նոյեմբերից մինչև այսօր, որ պահի իր իշխանությունը, որ ինքը գնա ընտրությունների, իրեն պետք է թղթի կտոր, որի վրա խաղաղություն կլինի գրված՝ անկախ նրանից, որ դա լինելու է բացարձակ կապիտուլյացիա, որ ասի՝ տեսեք՝ խոստացել եմ խաղաղություն, քվեարկեք ինձ, այլապես ուրիշները կգան ու կբերեն պատերազմ։ Դրա համար ինքը կգնա բոլոր զիջումներին՝ հասկանալով, որ իր իշխանության գոյությունը կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճությունից։ Այս ընտրությունը՝ կապիտուլյացիա, թե պատերազմ, որ դրել է, դա միայն իր օրոք ստեղծված ընտրությունն է։ Կա բանակցային լուծման ճանապարհ, որի արդյունքում հնարավոր է ապահովել խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմ, իր գնալով պատերազմը կվերանա»։
Այն պնդումներին, թե սահմանին կրակոցները հայ ժողովրդին վախեցնելու միտում ունեն, որ դրանք ադրբեջանցի զինծառայողների անկարգ պահվածքի արդյունքն են, Արթուր Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Էս մարդն արդարացնում է Ադրբեջանի ամեն ինչը։ Ինքն Ալիևին արդարացնում է, քանի որ իր իշխանության լինելն անմիջականորեն կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Դրանք գիտակցված կրակոցներ են, գիտակցված սպառնալիք, ճնշում է ՀՀ-ի վրա, որ Նիկոլ Փաշինյանը գնա զիջումների։ Ալիևն էլ է հասկանում, որ ինքը հավերժ չէ, և դրա համար, քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր ու անհնար զիջումները կորզել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իր կարծիքով նոր Սահմանադրության նախաբանում չպետք է պահպանվի Անկախության հռչակագիրը՝ բավարար կարո՞ղ է դառնալ, որ Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրի, թե՞ Բաքուն կսպասի իրավական գործընթացների ավարտին: Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Բաքուն կսպասի իրավական գործընթացների ավարտին։ Դրա համար այս իշխանությունները, որ խոսում էին Սահմանադրություն ընտրություններից հետո, հետո ասացին՝ սկսում ենք աշխատանքները, հետո հայտարարեցին, որ առանց հայեցակարգի, առանց հանրային լայն քննարկման սկսում են տեքստը մշակել։ Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի պատրաստել ժողովրդին Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրություն, որ բավարարի Բաքվին, որ ինքը կարողանա մնալ իշխանության»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ