ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ են դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում թմրամիջոցի հնարավոր օգտագործման հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան թեստեր կիրառելու:
«Փորձը ցույց է տալիս, որ եթե այդ տարիքում չենք դիմակայում այդ աղտին, հետո խնդիրներ ենք ունենում»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ շաբաթներ առաջ էլ վարչապետի հետ են քննարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որն առաջիկա օրերին կառավարության որոշմամբ կհաստատվի, քննարկել են նաեւ պատգամավորի հնչեցրած հարցը. «Միջազգային պրակտիկայում ունենք ե՛ւ պարտադիր թեստավորման, ե՛ւ կամավոր թեստավորման համակարգը: Երկու մոտեցումներին էլ բնորոշ են թե՛ բացասական, թե՛ դրական կողմերը: Պարտադիր համատարած բոլորին թեստավորելու տրամաբանությունն առնվազն իմ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ վստահ ենք, որ Հայաստանում բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում, ինչն այդպես չէ»:
Ըստ նախարարի՝ մենք ունենք մոտ միջինում 10 անչափահաս, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով կամ հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում որպես այդպիսի հակվածություն ունեցող:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ ասաց՝ հակված են կամավոր թեստավորման տրամաբանությամբ գնալուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ