Չորս տարվա վերանորոգումից հետո՝ Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայանում է նոր դիմագծով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, բարեփոխումները երկու հիմնական ուղղությամբ են իրականացվել, առանց որոնց հնարավոր չէ ունենալ 21-րդ դարի միջազգային չափանիշներին համապատասխան թանգարան:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում է Արշիլ Գորկու միակ նմուշը՝ «Կժերով կինը» գծանկարը (գլխավոր լուսանկարում), որը 1974 թ. Չիկագոյում բանաստեղծ Վահագն Դավթյանի միջոցով պատկերասրահին է փոխանցել Արշիլ Գորկու կրտսեր քույրը՝ Վարդուհի Մուրադյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի խոսքով, մշտական ցուցադրությանը զուգահեռ կլինեն շարժական հատվածներ, որոնք հնարավորություն կտան 6 ամիսը մեկ անընդհատ փոփոխելով առանձին ցուցադրատարածք ներկայացնել՝ առանձին ցուցադրանմուշներով: «Այսօր ունենալով նոր ջերմախոնավային համակարգ եւ ցուցադրության նոր մոդել՝ մենք կարողանում ենք Արշիլ Գորկուն վերադարձնել այցելուին»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
«2021 թվականից մենք վերանորոգման փուլում ենք, այն մի քանի ուղղությամբ է գնացել: Թանգարանը փակվեց առաջին հերթին ջերմախոնավային համակարգ ներդնելու նպատակով: Եթե հիշում եք՝ ազգային պատկերասրահի պատերին պատուհաններ էին, իսկ արեւի լույսը կործանարար է եւ նմուշների, եւ ջերմախոնավային համակարգի անխափան աշխատանքի համար: Մենք բարդ որոշում կայացրինք ավարտին հասցնել մեր առաքելությունը (իսկ դա նշանակում էր, որ եւս 1,5 տարի թանգարանը փակ պետք է մնա), վերանորոգեցինք եւ արդիականացրինք, փոխեցինք մեր նաեւ վերելակները»,-տեղեկացրեց Մարինա Հակոբյանը:
Ինչ վերաբերվում է հայեցակարգային լուծումներին, այս մասին էլ նշեց. «Դուք տեսնում եք պատերին կախված եւ պատվանդաններին դրված ցուցանմուշները, բայց ետնաբեմը չի երեւում, մինչդեռ այն 4 տարուց էլ ավել տեւած աշխատանք է, որին ներգրաված է եղել մեր թանգարանի ողջ գիտահետազոտական բլոկը:
Նշեմ, որ փոփոխությունները պայմանավորված չեն նրանով, որ նախկին էքսպոզիցիան վատն էր, փոփոխությունը պայմանավորված է ժամանակի այլ թելադրանքով: Նախկինում էքսպոզիցիայում շեշտադրված էին առանձին մենագրական ցուցադրությունները եւ իկոնա դարձած հեղինակները: Այսօր այլ ուղղությամբ ենք գնում՝ մեր հիմնական նպատակն է ներկայացնել ոչ միայն գեղագիտորեն լավ ներկայացված հեղինակներ, այլեւ գիտակրթական լուրջ հենք ունեցող արժեքի պատմություն:
Եթե նախկինում ներկայացնում էինք հայկական, ռուսական եւ եվրոպական բաժանմամբ, այսօր ներկայացնում ենք հայ եւ համաշխարհային բաժանմամբ, որովհետեւ այս պարագայում հայկականը չենք առանձնացնում, չենք դիտարկում լոկալ, մեկուսի եւ կղզիացած: Էքսպոզիացիայի հիմնական նպատակն այն է, որ հայկական մշակույթը դիտարկենք համաշխարհային գործընթացների հորձանուտում, հիմնականում՝ ոչ թե հեղինակներով, այլ ուղղություններով: Դա մատնանշում է, որ հայկական արվեստում եղել է իմպրեսիոնիզմ, մոդեռնիզմ, էքպրեսիոնիզմ, այսինքն` մենք բացարձակ անմասն չենք եղել համաշխարհային գործընթացներից»:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն ի թիվս այլնի՝ ընդգծեց, որ շարժական հատվածների շնորհիվ հնարավորություն են ստացել ավելի շատ աշխատանքներ ներկայացնել պահոցներից, նաեւ այսպես կոչված սալոնային պատերը ներկայացրեց, երբ մեկ հարթության մեջ ընդգրկում են բավական շատ ցուցանմուշներ եւ ներկայացվում է կոնկրետ խնդիր, օրինակ` ժամանակաշրջանի բազմազանությունը, բազմաթեմայությունը: Եվ այդ լուծման շնորհիվ պահոցներից դուրս է բերվել եւ ցուցադրության ներկայացվել շուրջ 400 նոր ցուցանմուշ:
Հավելենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների, իտալական վերածննդի եւ բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ