Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիով, Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին միացնելու հնարավորություն տալով՝ շարունակում ենք մնալ շրջափակված, ընդ որում՝ ավելի խորացված վիճակով. Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»

Ապրիլ 16,2025 11:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախօրեին հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին մի շարք հայտարարություններ էր արել: Մասնավորապես հայտարարել էր, թե իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերներն էլ կփաստեն, որ «երբեք այդքան մոտ չենք եղել խաղաղությանը»: «Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով՝ Ադրբեջանին արդեն իսկ արել ենք նպաստավոր առաջարկ, ինչից իրենք կարող են շահել՝ օգտվելով մեր երկաթուղային ենթակառուցվածքներից։ Դրանից կարող ենք շահել նաեւ մենք։ Գիտակցում ենք, որ Հայաստանի հարավում գտնվող 45 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապող ամենակարճ ուղին է, հետեւաբար, առաջարկել ենք սահմանային անցակետերում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ տեղադրելով էլեկտրոնային սքաներներ, եթե ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ ապրանքներն ու իրերը ֆիզիկապես ստուգվեն»,- ասել էր Միրզոյանը՝ ըստ էության, նկարագրելով, թե ինչպես է գործելու միջանցքը:

ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Սյունիքով որեւէ կապ չի կարող լինել: Հատկապես՝ երբ այդ կապի մասին խոսում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կոնտեքստում: «Որովհետեւ 9-րդ կետը վերաբերում է ապաշրջափակմանը: Մենք Մեղրիով, Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանին միացնելու այդպիսի կոմունիկացիոն հնարավորություն տալով, ապաշրջափակման մեջ չենք հայտնվում, շարունակում ենք մնալ շրջափակված, ընդ որում՝ ավելի խորացված վիճակով: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանին շանս տալ՝ հարմարավետ մեր տարածքով միանալ Թուրքիայի հետ: Այդտեղ ապաշրջափակման մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար՝ ես սկզբունքորեն դեմ եմ ընդհանրապես Մեղրիով կամ Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանին միացնելու որեւէ տարբերակի: Դա Հայաստանի շահերից չի բխում, դա չի բխում նույնիսկ հակամարտության կարգավորման տեսանկյունից. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման հարցերի տեսանկյունից որեւէ բան չի ավելացնում: Ընդամենը Հայաստանը դարձնում է ավելի խոցելի եւ ավելի է խորացնում շրջափակումը»,- ասաց Հարությունյանը:

Միակ տարբերակը, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարը դառնա անշրջելի, փոխշահավետ տնտեսական համագործակցության ձեւավորման նպատակով, ըստ մեր զրուցակցի, սա է՝ Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Երեւան, որից հետո կարող են Արարատով դուրս գալ Նախիջեւան կամ էլ գնալ Թուրքիա: Նախիջեւանից Սյունիքով 47 կմ-անոց ճանապարհով Ադրբեջանին միանալու հնարավորություն տալը ապաշրջափակման հետ կապ չունի եւ Հայաստանին ոչինչ չի տա: Այդ հարցը պետք է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդում է ՀՀ նախկին վարչապետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930