Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության լիմիտը սպառվում է

Ապրիլ 16,2025 10:00

Պետք է խոստովանեմ, որ ՔՊ-ականների ճեպազրույցներին եւ հարցուպատասխաններին վերջին ժամանակներս չեմ հետեւում: Նախ՝ իհարկե, խնայում եմ նյարդերս: Երկրորդ՝ անգիր գիտեմ, թե ինչ են ասելու: Ընդ որում՝ այնքան ինքնավստահ են, կամ գուցե մանկամիտ, որ կարծում են, թե 7 տարի, 100-րդ անգամ նույն քարոզչական ապրանքը վաճառելով, դրա գինը չի ընկնի: Բայց կա երրորդ պատճառը, թե ինչու ՔՊ-ականների խոսացածը տեղեկատվական առումով արդեն առանձնապես հետաքրքիր չի: ՔՊ-ն եւ դրա առաջնորդը, անկախ նրանից, թե որքան են վարչական լծակներով եւ բռնություններով մնալու իրենց աթոռներին, գնում են դեպի մայրամուտ, եւ նրանց ճառերն այլեւս նշանակություն չունեն:

Իսկ մայրամուտի հիմնական պատճառը, կարծում եմ, «ատելության մարտավարության» շարունակությունն է: Ամբոխի հույզերի վրա հիմնվելով՝ կարելի է գալ իշխանության՝ դագաղներով, բուլինգով եւ այլն: (Դա չի բացառում, իհարկե, նաեւ հեղափոխության դրական բովանդակությունը, ինչի մասին վերջերս գրել եմ): Բայց 7 տարի հույս դնել բացասական կրքերի վրա, պարզապես սխալ հաշվարկ է:

Ամբոխի զգացմունքները հարատեւ չեն: Կիրակի օրը նույն ամբոխը կարող է գոռալ «Օվսա՜ննա», իսկ ուրբաթ օրը ճչալ՝ «Խաչի՛ր նրան»: Եթե Աստծո հետ է այդպես վարվում, ապա ի՞նչ ասես սովորական բանսարկուի եւ արկածախնդրի մասին:

Սակայն կարեւորն այն է, թե ինչ է վերջնարդյունքում մնում՝ ատելությո՞ւն, թե՞ սեր: ՔՊ-ն հույսը դրել է ատելության վրա: Ատելության օբյեկտը փոխվում է, մարտավարությունը՝ ոչ: Սկզբից առաջարկվում էր անվերջ ատել «նախկիններին», այնուհետեւ՝ ռուսներին: Բայց դա, ի վերջո, հոգնեցրեց: Հիմա՝ 2023 թվականի սեպտեմբերից գտան նոր թիրախ՝ արցախցիները, որոնք հենց իրենց՝ ՔՊ-ականների պատճառով զրկվեցին հայրենիքից, տներից, ունեցվածքից:

Բայց դա էլ երկար չի աշխատի: Ենթադրենք, պաշտոնյայի ամեն մի ելույթից, Հ1-ի ամեն հաղորդումից կամ քարոզչի ամեն մի ստատուսից հետո բնակչության 20-25%-ի՝ ատելությամբ ապրողների, զգացմունքները խորանում են, բայց ընդգրկել ատողների ավելի մեծ ծավալներ, ըստ ամենայնի, չի հաջողվի: Հետեւաբար, ժամանակի ընթացքում այդ կրակոցները «խոլոստոյ» (անգնդակ) են դառնում:

Իհարկե, ՔՊ-ն մի նոր բան կմոգոնի, թե ում կամ ինչն է պետք ատել: Խնդիրն այն է, որ նրանք չեն առաջարկում, թե ինչն է պետք սիրել: Գուցե խաշլամա՞ն: Կամ հեծանի՞վը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ 2018-ի իշխանափոխությանը նախորդած բողոքի ցույցերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հա, բայց, մինչեւ որ իրենք հասնին իրենց մայրամուտին, մեր մա՛յրն է որ… [թաղեցին]

  2. Gohar says:

    ․․․Որքա՜ն ճշգրիտ համեմատություն Աստվածաշնչյան կերպարներով. «Կիրակի օրը նույն ամբոխը կարող է գոռալ՝ «Օվսաննա», իսկ ուրբաթ օրը ճչալ՝ «Խաչիր նրան»։ Սա ասում է որ անտեսելը կարող է տանել անդառնալի հետևանքների։ Աբրահամյանը մեկ անգամ եվս ցանկանում է արթնացնել ժողովրդին , որ ատելության վրա հիմնված իշխանությունը չի կարող երկարաժամկետ պահպանվել ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930