Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են աղմկում քոչարյանականները-3

Ապրիլ 16,2025 09:30

Սկիզբը՝ այստեղ:

Քանի որ երկրորդ նախագահի թիմակիցները շարունակում են ներհայաստանյան քաղաքական օրակարգը սնել ֆեյք թեզերով, մենք ստիպված ենք դրանց անդրադառնալ եւ որեւէ սուտ անպատասխան չթողնել։

Իսկ նկատե՞լ եք մի հետաքրքիր օրինաչափություն՝ Քոչարյանի թիմակիցների՝ «Սերժն է բերել Նիկոլին» թեզը հնչել է նաեւ Նիկոլի իշխանության առաջին դեմքերի՝ օրինակ, Ալեն Սիմոնյանի կողմից, որն ԱԺ ամբիոնից, ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորի, հայտարարեց՝ «դուք եք մեզ տվել իշխանությունը»։ Հիմա հարց՝ կա՞ լեգիտիմ իրավունք եզրակացնելու, որ առնվազն այս հիմարագույն թեզը տիրաժավորելու հարցում կա կոնսենսուս երկրորդ նախագահի եւ Նիկոլի միջեւ։ Փաստերի համադրմամբ՝ այո, կա։

Նայեք, թե պրոնիկոլական մեդիաները ինչ էնտուզիազմով են տարածում Քոչարյանի կողմնակիցների հարձակումները Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վրա։ Ինչի՞ է սա արվում։ Առնվազն ինձ համար պատճառը շատ պարզ է՝ պատրաստվել 26 թվի հերթական ընտրություններին, ապահովել Նիկոլի հերթական վերարտադրությունը, ինչպես արվեց 21-ին ու շարունակել Նիկոլի հետ աշխատել որպես կոմֆորտ խորհրդարանական ընդդիմություն։ Իսկ այդ սցենարի իրագործման համար խիստ անհրաժեշտ է, որ երկրում արտահերթ պրոցեսներ, Նիկոլի իշխանության դեմ գեներացվող շարժումներ եւ փողոցային պայքար չլինի, խիստ անհրաժեշտ է, որ խորհրդարանում Նիկոլի իմպիչմենտի գործընթաց չլինի եւ դրա համար է երկրորդ նախագահի խորհրդարանական թիմը կատաղի պայքարում իմպիչմենտի դեմ՝ չորս տարի հետեւողականորեն համարելով, որ դեռ դրա ժամանակը չի։ Իսկ ե՞րբ է դրա ժամանակը՝ երբ այս խորհրդարանի լիազորության ժամկետն ավարտվի՞։

Եվ ահա ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան կանխելու, լրջագույն օրակարգերի շուրջ համախմբումը տապալելու համար առաջնագիծ են բերվում ֆեյք օրակարգեր, որոնցով փորձ է արվում զբաղեցնել հանրությանը։ Ու այդ ֆեյք օրակարգերի հիմնական լեյտմոտիվը երրորդ նախագահի եւ նրա քաղաքական թիմի դեմ սրբազան պայքարն է, որը գեներացվում է երկու կենտրոններից՝ Նիկոլի եւ Ռոբերտ Քոչարյանի։

Ի դեպ, երկրորդ նախագահի ագիտատորները, իրենց «լժետեսություններում» հաճախ էսպիսի մի հարցադրում են անում՝ «ինչո՞ւ 2008-ին ընդդիմությունը չկարողացավ իշխանությունը վերցնել»։ Շատ լեգիտիմ հարց։ Եվ սույն լեգիտիմ հարցը ունի շատ հստակ պատասխան՝ ընդդիմությունը, որի թիկունքից եւս այդ ժամանակ որոշակիորեն երեւում էին տարբեր արտաքին կենտրոնների ականջներ, չկարողացավ իշխանափոխություն իրականացնել, քանզի Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանն ու ողջ կառավարությունը, ՀՀԿ-ն, կանգնած էին երկրորդ նախագահի թիկունքին եւ նրան մեջքից չհարվածեցին՝ ինչպես եղավ 2018-ին։

Իսկ եկեք հիշենք, թե ի՞նչ քաղաքական «ռասկլադ» էր 2018-ին։ Շատ հստակ «ռասկլադ», որը կոչվում է բոլորն ընդդեմ մեկի։ Բոլորը, առանց բացառության՝ բոլորն ընդդեմ մեկի եւ մեկ քաղաքական ուժի։ Եվ այդ մեկը Սերժ Սարգսյանն էր, այդ մեկ քաղաքական ուժը ՀՀԿ-ն էր։ Բացեք 7 տարի առաջ այս օրերի տեսանյութերը, եւ հրապարակներում հատիկ առ հատիկ կտեսնեք բոլոր նրանց, ովքեր Սերժ էին մերժում ու Նիկոլ բերում։

Ընդունեք, որ «բոլորն ընդդեմ մեկի» խաղի կանոնների պայմաններում, երբ նաեւ աշխարհաքաղաքական կոնսենսուս կար Նիկոլին բերելու հարցում, դժվար է մարտի դաշտում միայնակ կռիվ տալ՝ նաեւ թիկունքից երբեմնի դաշնակիցների բազմաթիվ հարվածներով։

Կարծում եմ, առաջիկայում կարիք կլինի հրապարակել «Սերժն է բերել Նիկոլին» նեոնիկոլական թեզի բոլոր ագիտատորների հրապարակային ելույթները 7 տարի առաջ, հենց այս օրերին ու նրանց ուղղել մեկ տրամաբանական հարց՝ «Նիկոլ բերող հարգարժան գործիչ», ձեր բերած Նիկոլին այլոց գրպանը գցելը արդյո՞ք քաղաքական տրանսվեստիզմ չէ։

Իսկ իրականում, երբ համադրում ես Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի դեմ պայքարի նիկոլական եւ քոչարյանական մեթոդներն ու գործիքակազմը, Նիկոլին ու երկրորդ նախագահին սատարող մեդիաների եւ տարբեր տելեգրամ կանալների բառամթերքն ու «եզրահանգումները», տպավորություն է, թե Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ սույն թեզերը գեներացվել են նույն կանտորայում եւ երկրորդ նախագահի կողմնակիցներն ամենօրյա ռեժիմով քրտնաջան աշխատում են՝ այդ տպավորությունը հաստատելու համար։

Եվ կրկին՝ առայժմ այսքանը։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930