Օրենբուրգի կերպարվեստի թանգարանում բացվել է Հայաստանի ժողովրդական նկարչի ցուցահանդեսը
Օրենբուրգի կերպարվեստի թանգարանում ապրիլի 4-ից բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ մայիսի 18-ը: Նախաձեռնությունը Օրենբուրգի թանգարանինն է: Այստեղ Փարավոն Միրզոյանին բնորոշել են որպես գույն բերող նկարիչ, թանգարանի 3 սրահները լեփ-լեցուն են եղել այցելուներով:
«Երբ Հայաստանի ազգային պատկերասրահում երկու տարի առաջ բացվեց իմ անհատական ցուցահանդեսը, ինչի համար շնորհակալ եմ պատկերասրահից, Օրենբուրգի թանգարանի տնօրեն Յուրի Կոմլեւը իր արվեստաբան տիկնոջ հետ այդ առիթով Երեւանում էր: Այդ ցուցահանդեսից հետո նրանք առաջարկեցին, որ իմ աշխատանքները ցուցադրվեն նաեւ Օրենբուրգի թանգարանում: Քանի որ մեծ կտավներս հնարավոր չէր տեղափոխել, մեր ԿԳՄՍ նախարարությունն էլ չցանկացավ այդ հարցով զբաղվել, ասել էին, որ կարող են միայն ինքնաթիռի տոմսերը հոգալ, ընտրեցինք այնպիսի աշխատանքներ, որոնց չափերը չպետք է գերազանցեին մեկ մետր 20 սանտիմետրը: Օրենբուրգի թանգարանի տնօրենի եւ իր տիկնոջ հետ միասին ընտրեցինք 42 աշխատանք, դրանց մեծ մասը կանանց պորտրետներ էին, նատյուրմորտներ եւ բնանկարներ: Ի վերջո մեծ շուքով Օրենբուրգում կայացավ իմ այդ ցուցահանդեսը, կատալոգ տպագրվեց, հրաշալի զգացողություններ ապրեցի այդ առիթով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Փարավոն Միրզոյանը:
Կարդացեք նաև
Փարավոն Միրզոյանը նշեց, որ ի թիվս այլ աշխատանքների, ցուցադրվել է նաեւ իր առաջին ստեղծագործություններից մեկը՝ «Մայրս» նկարը. «Դա դիպլոմային աշխատանքս էր, որը ժամանակին մասնակցել էր համամիութենական ցուցահանդեսի, դրանից հետո այդ նկարը գնվել է Օրենբուրգի թանգարանի կողմից եւ գտնվում է այդ թանգարանում»: Հայաստանի ժողովրդական նկարիչը տեղեկացրեց, որ Օրենբուրգի թանգարանի գիտաշխատողները հետաքրքրվել էին, թե Փարավոն Միրզոյանը Ռուսաստանի որ թանգարաններում ինչ այլ աշխատանքներ ունի ու պարզել, որ 13 նկար գտնվում է ռուսական տարբեր թանգարաններում՝ սկսած Տրետյակովյան թանգարանից:
«Այնքան հաճելի էր ինձ համար, որ ամեն ինչին մարդիկ շատ պրոֆեսիոնալ էին մոտեցել: Մերոնք նկարիչների հետ կապված նման ուսումնասիրություններ կարող են անել, ասենք, Սարյանի կամ Սուրենյանցի պարագայում… Կազմակերպչական, տպագրական աշխատանքը, նման վերաբերմունքը հայ նկարչի հանդեպ ու Հայաստանի վերաբերյալ բացառիկ էր, կարծես տոն լիներ»,-նշեց մեր զրուցակիցը:
Փարավոն Միրզոյանն ասաց, որ օրենբուրգյան ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվել է ռուսաստանյան լրատվամիջոցներում: «Շատ հաճելի էր նաեւ հայկական համայնքի վերաբերմունքը եւ ընդունելությունը, իրենք ուրախ էին, որ Հայաստանից նկարիչ է եկել Օրենբուրգ եւ ցուցադրվում է տեղի թանգարանում: Շնորհակալ եմ հատկապես Արշալույս Բադալյանին, Գեւորգ Սարգսյանին, Սամվել եւ Արմեն Հովհաննիսյաններին, հայոց եկեղեցու սպասավորներին, ինչպես նաեւ Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպան Արա Սահակյանին՝ աջակցության համար»,-ընդգծեց Հայաստանի ժողովրդական նկարիչը:
Ցուցահանդեսի շրջանակում հանդիպումներ են եղել նրա հետ, ներկայացվել է իր անցած ճանապարհն ու ստեղծագործական գործունեությունը: Փարավոն Միրզոյանը այցելել է նաեւ ռուս ճանաչված նկարիչ Յուրիյ Ռիսուխինի արվեստանոց, ում հետ մտերիմ է 70-ականներից, նաեւ միասին աշխատել են Սենեժում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.04.2025