«Պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին… Տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու». Ալիեւի սպառնալիքները Երեւանին` Անթալիայի հավաքից առաջ
Անցյալ շաբաթվա վերջին թուրքական Անթալիա քաղաքում կայացավ Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցեցին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Համաժողովի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ADA միջազգային ֆորումի շրջանակներում շարունակեց Հայաստանի ուղղությամբ պահանջների շարքի ներկայացումը:
«Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռեւս առկա են իրենց Սահմանադրությունում, եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսեւորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- նշեց նա` Բաքվում հավաքված ադրբեջանամետ փորձագետների հետ հանդիպմանը: Ալիեւը խաղաղության պայմանագրի ստորագրման որպես մյուս նախապայման մատնանշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը, պնդելով, թե այս հարցում պաշտոնական Երեւանը դեռ համառում է։ «Ադրբեջանի հետ միասին Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելուց խուսափելը վկայում է, որ հայերը ժամանակ են ձգում, գուցե որոշակի փոփոխությունների եւ ավելի շահեկան միջազգային իրավիճակի սպասումներ ունեն։ Նրանք մեծ հույսեր ունեին, որ (Միացյալ Նահանգների) ընտրություններից հետո դեմոկրատները կշարունակեն կառավարել։ Գաղտնիք չէ, որ նախագահ Թրամփի հաղթանակը նրանց համար մեծ հիասթափություն եւ հուսախաբություն էր»,- նկատեց Ալիեւը։
Կարդացեք նաև
Ալիեւը կրկին պնդեց, թե սպառնալիք են նաեւ Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու փորձերը. «Մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանը եւ վերահսկողության տակ վերցրել մեր սահմանները։ Եվ մեզ համար այդ հարցը փակ է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք պոտենցիալ սպառնալիքները եւ պոտենցիալ վտանգը»: Ալիեւն, այնուամենայնիվ, նկատեց, թե` «պետք է միշտ պատրաստ լինեն հակահարված տալու»։ «Հայաստանի ռազմականացման մեծ գործընթաց կա։ Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ոչ թե խաղաղության եւ կայունության, այլ ապագա լարվածության կհանգեցնեն», ասաց նա` հավելելով. «Պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին, որովհետեւ ի վերջո, տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու»:
Ալիեւի ելույթից նաեւ պարզ դարձավ՝ Բաքուն շարունակում է զգուշացնել հայկական կողմին՝ արտաքին ուժերը մի օր գնալու են եւ հայերը ադրբեջանցիների հետ մնալու են դեմ առ դեմ։ «2020-ին Հայաստանը կապիտուլյացիա ստորագրեց։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք կապիտուլյացիա են ստորագրում։ Հայաստանը, սակայն, փորձում էր իրեն այնպես պահել, կարծես ոչ 30-ամյա օկուպացիա էր եղել, ոչ էլ 44-օրյա պատերազմ։ Բացի այդ, նրանք շատ վատ խորհուրդներ էին ստանում իրենց, այսպես կոչված, բարեկամներից։ Դա, ի դեպ, այսօր էլ շարունակվում է։ Մենք նրանց բազմիցս զգուշացրել ենք, որ պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին, որովհետեւ ի վերջո, տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու», – զգուշացրեց Ալիեւը։
Ու չնայած գրեթե անթաքույց սպառնալիք պարունակող այս հայտարարությանն՝ Ալիեւը պնդեց, թե իր երկիրը նոր պատերազմ հրահրելու ցանկություն չունի։ Նա նույնիսկ հայտարարում էր, թե սպասվող ագրեսիայի մասին, իր բնորոշմամբ, կեղծ լուրերը տարածում են Ֆրանսիայի իշխանություններն ու «Փարիզի հետ գործակցող եվրոպական երկրները»։ «Եթե մենք ցանկանայինք շարունակել պատերազմը՝ կշարունակեինք 2020-ին»,- նշեց Ադրբեջանի նախագահը։ «Մենք Հայաստանի հետ սահմանին ամենուր էինք՝ Զանգելանում, Քելբաջարում, այլ ուղղություններում։ Հայաստանի բանակը լիակատար բարոյալքման վիճակում էր։ Նրանք 12 հազար դասալիք ունեին, այս փաստը իրենք՝ Հայաստանի իշխանություններն են հաստատել»,- նշեց Ալիեւը։
«Ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, իսկ մենք դրա հնարավորություններն ունեինք», Հայաստանին շարունակեց մեղադրել Ադրբեջանի նախագահը։ «Էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, ներդրումներ, տնտեսական օգուտներ. Հայաստանն, ագրեսիայի արդյունքում, իրեն փաստացիորեն զրկել է այս ամենից, ինքն իրեն զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար կարեւոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»,- նշեց նա։
Շեշտելով, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր ունի՝ Ալիեւն ասաց, թե սա հնարավորություն է տալիս Բաքվին՝ կարեւոր տնտեսական եւ տրանսպորտային կամուրջ լինեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ։ Այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցության համար հնարավոր չէ անտեսել Ադրբեջանին, նկատեց Ալիեւը՝ շեշտելով. «Եվրոպայում որոշ ուժեր կնախընտրեին Ադրբեջանին մեկուսացնել այս գործընթացից ու բաժանարար գծեր գծել, մասնավորապես, Հարավային Կովկասում, բայց այդ փորձերը հաջողություն չեն ունենա»։ Թե որ երկրներին նկատի ուներ, Ալիեւը չէր մանրամասնել։
«Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք», վստահեցնում է թուրք բանագնացը
Ահա Ալիեւի հերթական մեղադրանքներից հետո` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները մեկնեցին Անթալիա: Ալիեւի հետ Թուրքիա էին ժամանել նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, Ալիեւի ավագ դուստրն ու թոռները։
Ապրիլի 11-ին կայացավ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը Անթալիայում կայացած երկկողմ հանդիպմանը քննարկել էին նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այս մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Այլ մանրամասներ չհաղորդվեցին։ Հաղորդագրությունում նաեւ նշված էր, որ «գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր ոլորտներում եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ»։ Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիեւի արդեն երկրորդ հանդիպումն էր։
Անթալիայի ֆորումի մեկնարկին նախ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպեց թուրք պաշտոնակցի հետ: X-ի իր էջում Կոստանյանը գրել էր, որ կարեւոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Էքինջիի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։
Այնուհետեւ ֆորումի շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանը X-ում հայտնել էր. «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացները 2022թ. հուլիսին Վիեննայում չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկական կողմը վերակառուցեց Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Սերդար Քըլըչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջեւ Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է, նշել էր. «Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»:
Այնուհետեւ «ՍիվիլՆեթը» բացառիկ հարցազրույց էր վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման եւ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։
Հայ գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադառնալով` Քըլըչը նախ նկատել էր. «Դե, սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջեւ։ Մինչ այժմ մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։ Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների եւ երկու ժողովուրդների համար։ Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք եւ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար»։
Ե՞րբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար։ Թուրք բանագնացը պատասխանել էր. «Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռեւս 2022-ին՝ երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը»։
Իսկ ահա Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ իր, ավելի վաղ արած մեկնաբանության վերաբերյալ, Քըլըչը հստակեցրել էր. «Դա կարեւոր հարց է, եւ ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք եւս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես եւ երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու»։
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Պնախարարը բանակցեցին ադրբեջանցի գործընկերների հետ
Անթալիայում ապրիլի 11-ին հանդիպել էին Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել էին քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցեր։
Ապրիլի 12-ին կայացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հանդիպումը։ Նրանք քննարկել էին «երկու եղբայրական երկրների ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները», մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Նկատենք, որ Գյուլերը բազմիցս հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար»՝ շեշտելով, թե Անկարան իր ներդրումն է ունենում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության եւ խաղաղության գործում։
Մոսկվան հաստատեց Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու պատրաստակամությունը
Ապրիլի 12-ին Անթալիայում տեղի էր ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին։ Լավրովն ու Բայրամովը կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ։
Ընդգծվել է 2020-2022 թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը։ Ռուսական կողմը հաստատել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու պատրաստակամությունը։
Մոսկվան նաեւ շեշտել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համագործակցությունը շարունակելու կարեւորությունը, ինչպես նաեւ «Կասպյան հնգյակի» աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Ի դեպ, Անթալիայի նույն ֆորումի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին իր հերթին ընդգծեց, որ Թբիլիսին չի պատրաստվում միանալ Հարավային Կովկասի համագործակցության «3+3» ձեւաչափին. «Վրաստանն այդ ձեւաչափի մաս չէ։ Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարեւան պետությունների հետ, բացառությամբ Ռուսաստանի։ Դա իր ուրույն պատճառներն ունի, ուստի մենք չենք կարող այդ ձեւաչափի մաս դառնալ»։
Անթալիայում կայացել էին նաեւ Ֆիդան-Լավրով բանակցությունները, որոնք թուրքական կողմի փոխանցմամբ` «կառուցողական բնույթ են կրել»։ «Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների բավական լայն շրջանակ, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին», ՏԱՍՍ-ի թղթակցին փոխանցել էին թուրքական պատվիրակության անդամները։ Նրանց խոսքով՝ Բայրամովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային թեմաներ։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 15.04.2025