Լրահոս
Օրվա լրահոսը

Կգնա՞ք Խնածախում մի գիշեր ապրելու․ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանը «գցեց» սյունեցի պատգամավորների վրա

Ապրիլ 15,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների՝ 2021-ին ԱԺ ընտրություններից մի քանի ամիս անց, երբ ՔՊ-ն երկրորդ տեղում էր, 2025-ին ՔՊ-ն առաջին տեղում է և հավաքել է 36 տոկոս։ Այնուամենայնիվ, ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում մեզ չի հաջողվել վերցնել Գյումրիում մեծամասնություն։ Դա ընդունում ենք ի գիտություն։ 2026-ին անելու ենք հնարավորը, որ ստանանք հանրության մեծամասնության  աջակցությունը»,-լրագրողների հարցին՝ ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքները ձեզ չեն մտահոգո՞ւմ, որ հնարավոր է 2026-ին պարտվեք և մեծամասնություն չլինեք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողները հիշեցրին՝ նախորդ ընտրություններին ՔՊ-ն մասնակցում էր խաղաղություն բերելու թեզով, բայց չի կարողացել լիարժեք խաղաղություն ապահովել, հետևաբար 2026-ի ընտրություններին ի՞նչ թեզով են մասնակցելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ամեն դեպքում վերջին տարին որոշ բացառություններով ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Վերջին օրերին էլ եղել են որոշ իրադարձություններ, բայց վերջին տարին հանգիստ տարիներից մեկն է եղել, որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում։ Ամեն ինչ անում ենք, որ խաղաղության պայմանագրի՝ համաձայնեցված տեքստն օր առաջ ստորագրվի։ Միայն մի թեզ չի լինելու․ մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ և մեր քաղաքացիներին առաջարկել այն խնդիրները, որ տեսնում ենք»։

Լրագրողները փաստեցին՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների հետ կապված անվստահություն կա, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Նույն կերպ, հիշում եմ, 2021-ին ձեզնից բոլորը պնդում էին, որ ՔՊ-ն ու վարչապետը չունեն վստահություն։ Գելափն ասում էր՝ Ռոբերտ Քոչարյանն է հաղթելու, բայց 2021-ի ընտրությունները ցույց տվեցին, թե ժողովուրդն ինչ է մտածում։ 2026-ին էլ ընտրությունները ցույց կտան, թե ինչ է մտածում ժողովուրդը»։ Լրագրողները փաստեցին՝ բայց դրանից հետո Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «2026-ին ժողովուրդը ցույց կտա, թե ինչ է մտածում»։

Հարցին՝ կգնա՞ք Խնածախում մի գիշեր ապրելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Մեր պատգամավորները երբեք էլ ոչ մի խնդիր չեն ունեցել որևէ տեղ գնալու  և ժողովրդի հետ շփվելու։ Վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են պարբերաբար»։

Հարցին՝ 2026-ի ընտրությունների ծրագրում Շուշիի, Հադրութի դեօկուպացիա լինելո՞ւ է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ ոչ։

Հիշեցմանը դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը 2022-ին ապրիլին․ նշաձող իջեցրիք, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Այո, մենք նշաձող իջեցրինք։ Այն ժամանակ էլի մեզ ասում էին՝ դավաճաններ էս ի՞նչ եք անում, պետք է շարունակենք խոսել ԼՂ անկախության մասին։ Իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ ԼՂ իշխանությունների, էլիտայի դիրքորոշում, մինչև 2023-ի էթնիկ զտում իրենք այդ դիրքորոշման շրջանակում էին և մեր՝ այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին։ Հիմա դուք լսե՞լ եք ԼՂ էլիտայի մի ներկայացուցիչ խոսի անկախության մասին․ իրենք խոսում են ԼՂ ժողովրդի իրավունքների մասին։ Երբ ԼՂ ժողովուրդն այնտեղ էր, և մենք առաջարկում էինք խոսել այդ մասին, իրենք մեզ ասում էին՝ դավաճան և իրենք նախընտրեցին գնալ այդ ճանապարհով։ Հիմա, երբ էթնիկ զտում է իրականացվել, նոր եկել են մեր ասածին․ ուշ՝ ինչպես միշտ։ Փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունն ուղղում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին կամ ԼՂ էլիտայի որոշ ներկայացուցիչների վերագրել որպես խոսույթ ԼՂ ժողովրդի դեմ։ Ուզում եմ ԼՂ ժողովրդին, որոնք նույն են, ինչ ես, ասել, որ մենք նույն հայն ենք, իրենք մեր ընտանիքի անդամներն են, ուզում եմ ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930