Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի հասկանան, որ հարձակումներ գործելու ու խրամատներ փորելու տեղ չէ»․ Գյումրու ավագանու մանդատից հրաժարված Սուսաննա Մկրտչյան

Ապրիլ 15,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող ճանաչված նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց նրա դիմումը՝ այսպիսով նրան մանդատ չտրամադրելով։

Սուսաննա Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մանդատ չվերցնելու առաջին պատճառն առողջական խնդիրներն են, բացի այդ՝ ստեղծված մթնոլորտից զգացել է, որ դա իր աշխատավայրը չի կարող դառնալ։

«Քարոզչական այդ ամբողջ շրջանից ես զգացի, որ եթե մարդիկ կարող են բացեիբաց իրար անձնական վիրավորանքներ հասցնել, դա իմ միջավայրը չէ։ Մտածեցի՝ գուցե շարունակվի՞, չեմ ուզում շարունակվի։

Ես սովոր եմ աշխատելու առանց վեճերի, առանց ինտրիգների, ստեղծված խառնաշփոթից կանխազգացի, որ կարող է այդպիսի միջավայր ստեղծվի, իսկ դա իմ համար աշխատանքային չի կարող լինել և ոչ էլ կարող է արգասաբեր լինել։

Այնպես որ ես կարծում եմ՝ իմ որոշումը ճիշտ էր, չեմ փոշմանել՝ իհարկե, և վաղն արդեն վերջնագիծն է, և ես ցանկանում եմ բոլորին հաջողություն։

Ուզում եմ հայտարարել՝ ինձ համար նշանակություն չունի՝ ով կլիներ քաղաքապետ, ինչ կուսակցությունից, ինչ հակումներով։ Ես կաշխատեի բոլորի հետ, որովհետև իմ աշխատելու միակ նպատակը ոչ թե քաղաքական է, այլ մշակութային։

Ես, լինելով մշակույթի մարդ, ամբողջ կյանքս նվիրել եմ մեր քաղաքի մշակույթին, ինչքան որ կարողացել եմ։ Էլի պատրաստ եմ աշխատելու իմ քաղաքի համար, բոլորիս քաղաքն է, բոլորիս հոգսն է, և ես ավագանու բոլոր անդամներին հաջողություն եմ ցանկանում, համերաշխություն եմ ցանկանում, որովհետև քաղաք ղեկավարելը դա կուսակցությունների հակամարտություն չպիտի լինի, դա պիտի լինի միասնական, սրտացավ աշխատանք, որովհետև մեծ ցավը մեծ խելք է պահանջում»,-ասաց Սուսաննա Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը, թե լուրեր տարածվեցին այն մասին, թե դուք չեք ցանկացել դառնալ ավագանու անդամ, որովհետև դեմ եք եղել Ռուբեն Մխիթարյանի՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելուն, Սուսաննա Մկրտչյանը պատասխանեց․ «Բացարձակապես այդպես չէ, ես այդ հարցերով ընդհանրապես չեմ հետաքրքրվել, որովհետև ո՛չ քարոզարշավի եմ մասնակցել, ո՛չ հարցումներ եմ արել։

Նորից եմ կրկնում՝ ինձ համար մեկ է, թե ով է լինելու քաղաքապետը, որ կուսակցությունից է լինելու, ես պատրաստ էի աշխատել բոլորի հետ, որովհետև ինքս խաղաղասեր մարդ եմ, ինտրիգներ չեմ սիրում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930