Ժողովրդավարության բաստիոնում 2021 թվականից առ այսօր վանաձորցիները չեն կարողացել իրացնել սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ ունենալ իրենց նախընտրած կուսակցության ներկայացուցչին, որպես համայնքի ղեկավար, որովհետև Էդմոն Մարուքյան- «Լուսավոր Հայաստանի» ուղղակի աջակցությամբ կասեցվել է համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստը․ խորհրդարանական հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«ՔՊ-ն ԱԺ-ի իր մեծամասնությամբ վարչապետին տվել է սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն, և նա էլ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակել մեկին, ով համայնքի բնակիչների կողմից շատ քիչ ձայն էր ստացել և այդպես արդեն մի քանի տարի։ Իսկ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստի կայացման արգելանքը հանելու հարցով դատական նիստը, որ նշանակված էր ապրիլի 9-ին, նորից հետաձգվեց դատավորի զբաղվածության պատճառով։ Դե բա ժողովրդավարությունն էլ ո՞նց է լինում, ի՞նչ համայնքի ղեկավարի ընտրություն, եթե դատավորը զբաղված է։ Իսկ միգուցե պատճառներն ա՞յլ էին»,-ասաց նա:
Անդրադառնալով Գյումրում եւ Փարաքարում վերջերս կայացած արտահերթ ընտրություններին, Կյուրեղյանն ասաց. «Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացան ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ արտահերթ, որովհետև օրվա իշխանությունը, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունների արդյունքները, ԺՊ-ների դեմքով զավթել էր ՏԻՄ-ը, ինչպես Վանաձորում։ Թե՛ Փարաքարում և թե՛ Գյումրիում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը և նորից մերժեցին ՔՊ-ին։ Այս անգամ ՔՊ պարտությունը բոլորովին այլ մակարդակ ունեցավ և հենց սա էլ վախեցրեց ՔՊ-ին։ ՔՊ-ին չփրկեց ոչ վարչական ռեսուրսի անսահման օգտագործումը, ոչ ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների կիրառումը, ոչ վախի մթնոլորտում ընտրողների ուղղորդումը, ոչ էլ բարձրաստիճան ՔՊ պաշտոնյաներին այդ համայնքներ գործուղելը։
Գյումրեցիների և Փարաքարի բնակիչների մերժումը ՔՊ-ին ապացուցեց հետևյալը. հանրությունը երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից։ Հանրությունը մերժում է որպես ժողովրդի կամք ներկայացվող ԵՄ-ին միանալու գործընթացի անհրաժեշտությունը, Եվրաքվեի հավաքած ձայները վկա։ Նիկոլիզմի կողմից անընդհատ օգտագործվող նախկինների վերադարձով վախեցնելու թեզը այլևս չի աշխատում։ ՔՊ-ին աջակցող ոչ մի այլ ուժ չարժանացավ ընտրողների գոնե մեկ մանդատի։ Հանրությունը մերժում է թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճող նրանց ախորժակը բավարարող նիկոլիզմը։ Ընդդիմության մեջ սեպ խրելու ցանկացած փորձ տապալվում է, եթե հարցը վերաբերվում է օրվա իշխանություններին հեռացնելուն»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նրան հակադարձեց իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ասելով․ «Գյումրիում ո՞վ հաղթեց, տիկին Կյուրեղյան։ Եթե «Մայր Հայաստանին» նկատի ունեք՝ 6 տոկոս ունեցավ, Վարդան Ղուկասյանը՝ 20 տոկոս, Մարտուն Գրիգորյանը՝ 16 տոկոս։ Մի քաղաքական ուժ, որը 36 տոկոս է հավաքել, բնականաբար, նա է հաղթել, չէ՞»։
Նրա կարծիքով, ճիշտ կլինի, որ շատ ձայն հավաքած քաղաքական ուժը իշխանություն ձեւավորի, քանի որ կոալիցիոն հարաբերությունները չեն կայանում մեր երկրում։
Նա մեղադրեց ընդդիմությանը կեղծիք տարածելու մեջ, այդ թվում՝ նաեւ Արցախի հայաթափման հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախի հայաթափման եւ արցախցիների ցույցերի ու պահանջների մասին Գառնիկ Դանիելյանն էլ էր խոսել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ