ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանը:
Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում: 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան (ГИТИС): 1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի Ա. Մռավյանի (այժմ՝ Վ. Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոն: Այստեղ մասնակցել է «Քո վերջին հանգրվանը», «Նստարան», «Իրական պատմություն», «Կորադո» ներկայացումներին, ինչպես նաև բեմադրել է Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսը:
Ռաֆայել Գրիգորյանը 1989 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այստեղ բեմադրել է «Երկիր Նաիրի», «Ընկեր Փանջունի», «Անձնասպանը» պիեսները: 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ՝ աշխատելով Լոս-Անջելեսի «Հայ թելե» ռադիոյում: Հիմնադրել է Մհեր Մկրտչյան թատերախումբը:
Ռաֆայել Գրիգորյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի», 2015 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Կարդացեք նաև
Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-16:00-ը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, վերջին հրաժեշտը` ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-14:00-ը, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ ք. Երևան, Ռ. Մելիքյան 2/10):
ԿԳՄՍ նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ