Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշնանը Նիկոլ Փաշինյանը էլ չի լինի երկրի ղեկավար, եթե կհարձակվեն՝ թող հարձակվեն»․ Արշակ Կարապետյանը իշխանափոխության եւ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

Ապրիլ 15,2025 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիում ընտրական իրավիճակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նույնացնում է 2021 թվականին Հայաստանում եղած իրավիճակի հետ ու հավելում․ «Եթե մենք հասանք 2026 թվականի ընտրություններին, այդժամ բոլորովին այլ իրավիճակ է լինելու»։

Aravot.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ գործոններ են, որ նպաստելու են Հայաստանում այլ քաղաքական իրավիճակների գեներացմանը եւ հիմնական գործընթացները մինչեւ 2026-ի ընտրություններ տեղափոխելը, Արշակ Կարապետյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը չի լինելու։ Ինքը չի կարող մնալ։ Ինքը չի մնալու»։

Այլ մանրամասների, մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ․ «Մենք պայմանավորվեցինք, որ ես ամեն ինչ չեմ ասելու․․․ ես կարծիք եմ ասել։ Եկեք չհիմնավորեմ իմ կարծիքը։ Ես հիմա ոնց էլ հիմնավորեմ՝ դա խոսքեր են լինելու։ Եկեք սպասենք»։

«Ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվել երբեք»,- հայտարարում է մեր զրուցակիցը։ Դիտարկմանը՝ որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հնարավոր է, պատասխանում․ «Ես չեմ ուզում իրենց խոսքը հաստատել կամ չհաստատել, ես իրենց հետ գործ չունեմ։ Չնայած նոր դուք ասում էիք՝ Սերժ Սարգսյանի հետ աշխատել եք, Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատել եք․․․ ես չեմ աշխատել, ես ծառայել եմ․ եղել եմ զինվորական։ Ես չէի կարող չծառայել, ես ծառայում էի իմ հայրենիքին։ Ես չէի ընտրում նախագահ, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան․․․հա, քաղաքացիական պարտքս կատարել եմ․․․

Բայց ՀՀ-ում երբեք իշխանությունը չի փոխվել ընտրություններով՝ 1994 թվականից սկսած ու չի փոխվելու 2026 թվականին՝ ընտրություններով։ Օրինակ, մենք չենք սպասում այդ ընտրություններին։ Ժամկետների մասին ավել բան չասեմ։ Չի փոխվելու ոչ մի բան ու Գյումրին՝ ցույց տվեց։ Ցույց տվեց, որ անձերի են ընտրել մարդիկ, չեն ընտրել կուսակցություններին, գաղափարները։ Ու ազգային անվտանգության տեսանկյունից ամենավտանգավորն էր, որ ընտրել են անձանց։ ՔՊ-ն տարբերվում էր միայն նրանով, որ ադմինիստրատիվ ռեսուրս էր մտցրել եւ մարդկանց վախեցնում էր։ Գյումրիի ընտրությունները խայտառակ ընտրություններ էին։ Այդ մի բանն էր, որ Նիկոլ Փաշինյանը միշտ ասում էր, որ մենք անում ենք իդեալական։ Կներեք, դրա հերն էլ անիծեց, խայտառակ ընտրություններ են եղել»։

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով 2026-ի ընտրություններին ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցեն, ապա, Արշակ Կարապետյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում փոխելու է ՔՊ-ական իր շրջապատը, քանի որ այնտեղ չկա մեկը, որը «կկարողանա իրեն ձայն բերել»։

Մեր զրուցակցի վերլուծությամբ, ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին ՔՊ-ն լավագույն դեպքում փոքր խորհրդարանական խմբակցություն է ունենալու, նախկին նախագահների հետ ասոցացվող քաղաքական միավորները նույնպես չեն լինելու հաջորդ պառլամենտում։

Բայց որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներ շատ հարցերի պատասխաններ պետք է տան՝ անվիճելի է համարում։

Իր ղեկավարած ուժն էլ, ըստ Արշակ Կարապետյանի, չի գնալու ստանդարտ ճանապարհով․ «Մեր գործողությունները մի քիչ տարբերվելու են այն գործողություններից, որոնք մենք սովոր ենք տեսնել։ Մենք չենք պլանավորում 500 հազար մարդ հավաքել, չենք ընկնում մարդաքանակի հետեւից։ Երբեք քանակով մենք հարց չենք լուծել»։

Հետախույզի իր կենսագրությունից ելնելով՝ ասում է, փոքր են եղել մեր խմբերը եւ էֆեկտիվություն են ապահովել․ «Միլիոն մարդ էլ հավաքվեն հրապարակում, չոքեն՝ ասեն ՝ Նիկոլ գնա, չի գնալու։ Ինչ ուզում են անեն, ուզում են էդ շենքերն էլ գրավեն, չի գնալու»։

Հայրենիքի փրկության իր սկսած շարժման արդյունքները գոհացնում են Արշակ Կարապետյանին։ Իրենց գործողությունների առաջին փուլն իշխանափոխությունն է, երկրորդը՝ իշխանափոխություններից հետոյի քայլերը։

Հարցին՝ ե՞րբ եք պլանավորում իշխանափոխություն անել, նա պատասխանեց․ «Եկեք այդ հարցին ես չասեմ, որ մեր գործը հեշտ լինի։ Կտեսնեք»։

Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմից հայկական սահմանների ուղղությամբ հնչող կրակոցներին էլ մեր զրուցակիցն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմով վաղուց է հանձնվել, Ադրբեջանի գործողությունները միտված են նրան, որ հայ ժողովուրդը հանձնվի»։

Ադրբեջանի կողմից հավանական ռազմական գործողությունները, ըստ Արշակ Կարապետյանի, եթե լինեն՝ կարող են լինել աշնանը․ դա հարձակման համար իրենց նախընտրած ժամանակաշրջանն է․ «Նիկոլ Փաշինյանը էլ չի լինի երկրի ղեկավար, եթե կհարձակվեն՝ թող հարձակվեն»։ Արշակ Կարապետյանը զգուշացնում է՝ այդժամ բոլորովին այլ իրավիճակ կլինի թե միջազգային առումով, թե ՀՀ էլիտայի, որը պատրաստ կլինի առաջնորդել հասարակությանը, թե ժողովրդի՝ պայքարելու պատրաստակամության առումով։

Արցախցիների վերադարձը Արցախ, Արշակ Կարապետյանը նույնպես հնարավոր է համարում, բայց դրա համար Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի։ Ասում է՝ հնարավոր է նաեւ արցախցիների վերադարձից հետո հանրաքվե անցկացվի՝ Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Վստահ է՝ ինչ պայմանագիր էլ հիմա կնքի ՔՊ-ական իշխանությունը, առոչինչ է լինելու։ Արցախի հարցի լուծման երկրորդ տարբերակը պատերազմն է, երրորդն էլ կա, որը Արշակ կարապետյանը՝ չի չի բարձրաձայնում։ Դա այն տարբերակն է, որը ինքն է պատրաստ իրականացնելու, եթե լինին ՀՀ վարչապետ․ «Հայաստանի ապագա ղեկավարը պետք է պատրաստ լինի երեք բանի․ ինքն իրեն գլխից խփելուն, որ իրեն կոչնչացնեն՝ կամ ժողովուրդը կգզի կամ այլ կերպ կոչնչացնեն եւ երրորդ՝ իր հուշարձանը կլինի Լենին պապիի նախկին հուշարձանի տեղում։ Դե․․․ եթե պատրաստ չլինեի․․․ Բայց տեսեք՝ այդ երեք ճանապարհից երկուսը մահվան են տանում։ Բոլոր դեպքերում, մենք պայքարելու ենք։ Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց երբ հանձնվում են՝ վերանում են։ մենք չենք կարող հանձնվել»։

 

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930